ՊԱՐԱԴԻԳՄ
30 Jun 2018

«Այբ»-ում հնարավոր չէ կոռուպցիա բացահայտել, այն էտալոնային է իր մաքրությամբ. Մեսրոպ քահանա Արամյան

ԿԳՆ-«Այբ» հակամարտության չմարած կրքերը. քահանա Արամյանի պարզաբանումներն ու ակնկալիքները:

Քննադատություններ, մեղադրանքներ, այդ թվում՝ հանրակրթության ոլորտին հասցված վնասների առումով: ԿԳ նախարարության եւ «Այբ» դպրոցի միջեւ շաբաթներ առաջ ծագած վեճում հաճախ շոշափվում էր «Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Մեսրոպ քահանա Արամյանի անունը: Այս մեղադրանքներին ի պատասխան՝ քահանա Արամյանը նախ նշում է՝ իմ գործը բարձորակ կրթական միջավայրեր ստեղծելն է, որի վառ ապացույցներից է Հայաստանի կրթական կարեւոր ձեռքբերումներից մեկը՝ «Այբ»-ը: «Դպրոցը նախեւառաջ ոգի ու բովանդակություն է, իսկ այդ բովանդակությունը խիստ որոշակի կրթական ծրագիրն է, որը կոչվում է Արարատյան բակալավրիատ: Ծրագիրն այնքան է գնահատվել, որ առաջարկ է արվել այն հասանելի դարձնել Արցախի եւ Հայաստանի երեխաներին, եւ պետությունը համաֆինանսավորել է այն»,-պարզաբանում է նա:


Քահանա Արամյանի վստահեցմամբ՝ ՀՀ-ն շատ համեստ միջոցներ է ներդրել այդ ծրագրի ստեղծման մեջ, մինչդեռ նմանօրինակ ծրագրերի համար այլ ժողովուրդներ տասնյակ անգամ ավելի շատ ներդրում են անում: «Իմ հասցրած վնասները դրանք են, այսինքն ես եւ իմ թիմակիցները՝ մեր միջազգային գործընկերները հետ, ստեղծել ենք ունիկալ պրոդուկտ»,-ընդգծում է համահիմնադիրը՝ հավելելով, որ լավագույն կրթությունը պետք է հասանելի լինեն բոլոր երեխաներին: «Մենք փոքր ժողովուրդ ենք եւ ապրում ենք շատ խիստ մրցակցային աշխարհում: Մեր միակ հարստությունը մեր մարդկային տաղանդն է, որն իրավունք չունենք փոշիացնելու անորակ կրթությամբ»,-ասում է բանախոսը:


«Այբ»-ի համահիմնադիրն այս համատեքստում հավելում է, որ «Այբ»-ն ունիկալ միջավայր է՝ իր ստեղծարար ներուժով, կրթության ազատության գաղափարախոսությամբ: «Այնտեղ հավաքվել է եզակի աստղային թիմ ոչ միայն Հայաստանից, այլև ամբողջ աշխարհից: «Այբ»-ն արդեն 12 տարի զբաղված է կրթության հեղափոխությամբ: Մեր նպատակը մեկ դպրոցի ստեղծումը չէր, այլ մեր ստեղծած կրթական մշակույթն ամբողջ Հայաստանում տարածելը»,-շեշտում է նա: ԿԳՆ-«Այբ» հեռահար «հակամարտության» մասին բոլոր մանրամասները՝ «Պարադիգմ»-ի շրջանակում: