Դատաիրավական համակարգը պատրաստ չէ ներդրումների խրախուսմանը. Միսակ Թեբելեկյան
Նոր իրողություններ, նոր կառավարություն, ներդրումային դաշտը բարելավելու նոր հավակնություններ: Չնայած նոր իրողությունների, նոր Հայաստանում, սակայն, խնդիրները հին են: Այս համատեքստում էլ Շինարարատեխնիկական գիտությունների դոկտոր, ամերիկահայ գործարար Միսակ Թեբելեկյանը ցավով արձանագրում է՝ վերադառնալու եւ նեդրումներ անելու համար վստահություն չկա: «Դատական համակարգը գտնվում է նույն վիճակում: Կա օրենսգրքի փոփոխության անհրաժեշտություն, օրենսգրքի որոշ հոդվածներ շատ են խոչընդոտում ներդրում անելուն: Կցանկանայի, որ այդ հին կադրերը, հին ձեւով մտածող կադրերը, ի վերջո, փոխվեին: Մեր հարեւան Վրաստանը, օրինակ, շատ արագ կերպով լուծեց այդ հարցը»,-ընդգծում է գործարարը:
Միսակ Թեբելեկյանը նշում է, որ ցանկացած ներդրող պետք է պաշտպանված լինի, նա պետք է իմանա, որ իր շահը նվազագույնն ապահովված է: «Ինչ տեսնում ենք այսօր, չի նպաստում դրան: Նոր օրենսգրքով եւ նոր դատավորներով, դատախազներով պետք է կարողանայինք նպաստել մեր երկրի ներդրումային դաշտի բարելավմանը»,-նկատում է նա: Ներդրումային դաշտը բարելավելու ամենակարեւոր նախապայմանը, ըստ Թեբելեկյանի, դատաիրավական պաշտպանված մթնոլորտ ստեղծելն է:
Ամերիկահայ գործարարը վստահեցնում է, որ ինքը եկել է հայրենասիրական մղումներից ելնելով, սակայն դա բիզնես անելու ձեւ չէ: «Իսկ եթե պայմաններ լինեն, ճիշտ մթնոլորտ լինի, հավանաբար շատ հայեր կգան, օտարազգիներին եւս պետք է քաջալերել: Մենք մեծ հնարավորություններ ունենք, հատկապես մեր ՏՏ ոլորտի հնարավորությունը շատ մեծ է: Սիլիկոնային հովտում ունենք մեծ մասնագետներ: «Թումո» ունենք, որն անգամ Եվրոպայում են ուզում կրկնօրինակել: Մեր այսօրվա երիտասարդներն ունակ են եւ խելացի, եւ մենք կարող ենք ունենալ մեծ զարգացումներ»,-շեշտում է գործարարը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ»-ում: