ՊԱՐԱԴԻԳՄ
13 Jul 2018

ԱԱԾ-ն չի կարելի դարձնել «մոնստր» եւ ներքաղաքական կյանքի խոշորագույն գործիք. Ստյոպա Սաֆարյան

Չպետք է թույլ տրվի «թայֆաբազություն», «մենք»-ի ու «նրանք»-ի տարանջատում, ոչ գաղափարական հենքով գործունեություն:

Կոռուպցիայի դեմ ընթացող պայքարի այս սրությունն ու այս մեթոդներն արդյոք շարունակվելո՞ւ են արտահերթ ընտրությունից հետո: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր իսկ հարցադրմանը հավելում է՝ լավ, բացահայտեցին, բայց սխեմաները պարզ չեն, թե ինչպես են այդ փողերը վատնվել, ինչ եղանակով են դուրս գրվել: «Այդ սխեմաները պետք է բացահայտվեն ու վերացվեն, այ դա է համակարգային պայքարը: Այլապես հիմա ստացվում է, որ տվյալ անձը, եթե սիրելի չէ, ապա նրան պատժելը լավ է, եթե շատ սիրելի մեկն է, ապա նույն սխեմաներից օգտվելո՞ւ է, եթե այդ սխեմաները պահվելու են: Իհարկե, նոր իշխանության մեջ էլ ենք խնդիրներ ունենալու, այնպես չէ, որ բոլորը հրեշտակներ են, լինելու են նաեւ գայթակղություններ. կյանքն է այդպիսին: Խնդիրն այն է, արդյոք այդ պայքարի շրջանակում մսաղացի դեմ ընկնելու են բոլորը»,-ասում է նա:

Այս ամենի համատեքստում ամենակարեւոր նախապայմանը, ըստ Սաֆարյանի, դատական իշխանության կայացումն ու ուժեղացումն է: «Այս խնդիրներն ԱԱԾ-ով չի լուծվելու: ԱԱԾ-ն չի կարելի դարձնել «մոնստր» եւ ներքաղաքական կյանքի խոշորագույն գործիք: Դատարանները պետք է արմատապես բարեփոխել, այդ ժամանակ է կոռուպցիայի դեմ պայքարը հասկանալի լինելու, հակակշիռներ են պետք, որքան շատ լինեն դերակատարները պրոցեսում, այնքան թույլ չեն տալու մեկին այդ ամենը ծառայացնել սեփական շահի համար»,-պարզաբանում է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի հրաժարականին, Սաֆարյանը նկատում է, որ այն տեղավորվում է արտահերթ ընտրությունների գնացող կառավարության քաղաքականության տրամաբանության մեջ: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: