Մատչելի վայրեր՝ բջջային հավելվածում
«Մատչելի քաղաք» նախաձեռնության անդամների ստեղծած «Մատչելի վայրեր» հավելվածը բոլոր անվավոր սարքերով շրջող անձանց հնարավորություն է տալիս ստուգել, թե որքանով է շրջակա տարածքն իր կառույցներով հարմարեցված ազատ տեղաշարժի համար: Հավելվածի քարտեզում միայն մատչելի և չափանիշներին համապատասխան վայրերն են:
Հավելվածի ներբեռնումը անվճար է և առանց գրանցման, գործածումը՝ պարզ: Կան առանձնացված 12 բաժիններ՝ հանրային վայրերից մինչև պետական կառույցներ: Յուրաքանչյուրը կարող է ավելացնել նոր նշում՝ օգտվելով մատչելիության չափանիշներից, նշումներին կցվում են լուսանկարներ և մեկնաբանություն:
Օգտատերը կարող է offline ռեժիմում անել բոլոր գրառումները, իսկ Wi-Fi կապի առաջին իսկ հնարավորության դեպքում հավելվածն ավտոմատ կերպով այդ տվյալները կփոխանցի մատչելիության քարտեզ: Մատչելի ենթակառուցվածքների մասին տեղեկությունների հանրայնացումը կարեւոր է տեղաշարժման դժվարություններով մարդկանց ներառման եւ մեր երկրում մատչելիության խնդրի նկատմամբ ավելի կառուցողական մոտեցում ձեւավորելու համար:
Ստարտափի հեղինակ Վարդուհի Արամյանը նշում է, որ հավելվածը առավել կենսունակ դարձնելու մտքերը բազմաթիվ են և համապատասխան ներդրումների դեպքում այն կարելի է դարձնել առավել բազմաֆունկցիոնալ: