ՊԱՐԱԴԻԳՄ
06 Aug 2018

0038 հրամանի հրապարակումը չի բխում Ռոբերտ Քոչարյանի շահերից. փաստաբան

«Մարտի 1-ի» գործում որեւէ փակ ենթատեքստ չկա. այն արվել է իշխանությունը պահելու համար:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ճիշտ են համարում, որ հրապարակվի 0038 հրամանը, ինչը, ըստ նրանց, բխում է իրենց վստահորդի շահերից: ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանների այս տեսակետին համակարծիք չէ «Մարտի 1-ի» գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը: Նա հակադարձում է՝ 0038 հրամանի հրապարակումը չի բխում Ռոբերտ Քոչարյանի շահերից: «Այդ հրամանի մի մասը ես տեսել եմ եւ ունեմ տեղեկություն մյուս մասի վերաբերյալ: Եթե պաշտպանները տակտիկական տեսանկյունից ուզում են իմանալ, թե ես էլ ինչ գիտեմ, ապա ես հաստատ չեմ ասելու, թե ինչ գիտեմ»,-շեշտում է նա:

Սեդա Սաֆարյանը վստահորեն պնդում է՝ եւ ինքը, եւ հանրությունը գիտեն, որ «Մարտի 1-ի» գործով որեւէ փակ ենթատեքստ չի եղել: «Մարտի 1-ն արվել է, որ իշխանությունը պահվի, մարտի 1-ն արվել է, որովհետեւ մտավախություն է եղել, որ հեղափոխություն կլինի: Իրենք իրենց այնքան հզոր են զգացել, որ բաց տեքստով էլ խոսել են ու չեն էլ թաքցրել»-նկատում է փաստաբանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: