ՊԱՐԱԴԻԳՄ
16 Aug 2018

Օգոստոսի 17-ի հանրահավաքը որոշակի առումով սթափեցնող կլինի բոլոր կողմերի համար. Արա Պապյան

Ակնհայտ է՝ ձմեռը ծանր ու անկանխատեսելի է լինելու, ինչը կարող է օգտագործվել երկրի ապակայունացման եւ իշխանության դեմ:

Անձեռնմխելիությունը, որի մասին խոսում է Սահմանադրության 140-րդ հոդվածը, վերաբերում է միմիայն գործող նախագահին, իսկ պաշտոնաթող նախագահին կա նախապայման, որ նա ենթակա չէ պատասխանատվության, եթե իր կարգավիճակից բխող գործողություն է իրականացրել: Քաղաքագետ Արա Պապյանն այսպես է մեկնաբանում սահմանադրական դրույթը՝ ընդգծելով, որ անսպասելի էր Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչի որոշումը: «Ինձ համար հատկապես անընդունելի էր այն պատճառաբանությունը, որ նախկին նախագահն անձեռնմխելի է եւ դրա հիման վրա խափանման միջոցի փոփոխությունը: Եթե ավելի վերադաս ատյանն էլ վերահաստատի այդ տեսակետը, ապա մենք կունենանք նման իրավիճակ առաջին եւ երրորդ նախագահների համար, ինչը վատ նախադեպ կլինի»,-նկատում է նա:
Ինչ վերաբերում է օգոստոսի 17-ի հանրահավաքին, ապա այն, ըստ Պապյանի, որոշակի առումով սթափեցնող կլինի բոլոր կողմերի համար: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ պետք է հնարավորինս մոտ ժամկետներում կազմակերպվեն: «Ինչքան շուտ արվեն ընտրությունները, այնքան մեծ է հավանականությունն ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների: Ինձ մոտ տպավորություն է, որ գերինքնավստահություն կա, այսինքն՝ ամեն ինչ լավ է, ժողովուրդը կանգնած է վաչապետի թիկունքին: Հա, կանգնած է, մենք էլ ենք կանգնած թիկունքին, բայց եթե օգոստոսին կանգնած է, չի նշանակում, որ նոյեմբերին, առավել եւս՝ ապրիլ-մայիսին եւս կանգնած կլինի: Ահռելի լծակներ ու հնարավորություններ կան, օբյեկտիվ ու սուբյեկտիվ սխալներ կան, որ անում է կառավարությունը»,-ընդգծում է քաղաքագետը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման մեջ: