ՊԱՐԱԴԻԳՄ
29 Oct 2018

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ԱՄՆ-ն զիջումներ չի պարտադրում. միջազգայնագետ

Ջոն Բոլթոնի այցի գնահատականը`միջազգայնագետի եւ վերլուծաբանի մեկնությամբ:

 

ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան, փաստորեն, որոշակիորեն նախագծեց Կովկասի նկատմամբ Թրամփի վարչախմբի քաղաքականության պարադիգմը: Ամերիկյան Ջեյմսթաուն հիմնադրամի անկախ վերլուծաբան Էդվարդ Աբրահամյանը նախ նշում է, որ այս համատեքստում Ադրբեջանը հայտարարվեց ռազմավարական կարևորության, Վրաստանը՝ մեծ ռազմավարական կարևորության, Հայաստանը՝ որպես բարձր առաջնահերթության երկիր: «Եվ այս կատեգորիաներն ԱՄՆ-ի ռեգիոնալ պրոեկցիայի մեջ բավական հստակ դեր են խաղալու»,-նկատում է վերլուծաբանը:

Հայաստանի հետ կապված եղան որոշակի շեշտադրումներ, հստակեցումներ, մասնավորապես՝ Արցախյան հիմնախնդիրի առնչությամբ: Ինչպես նկատում է Էդվարդ Աբրահամյանը` ակնհայտորեն շեշտվեց և՛ Բաքվում, և՛ Երևանում, որ տարածաշրջանի առողջացման համար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուտափույթ կարգավորումն ունի ռազմավարական նշանակություն:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ ընդգծում է, որ Միացյալ Նահանգները ոչ միայն չի ճնշում Հայաստանին` զիջումների գնալու հարցում, այլ ոգևորում է, որ ինքնուրույն որոշումներ կայացնենք, որոնք կբխեն ԱՄՆ շահերից: «Մեծ հաշվով, ակհայտորեն ասվեց, որ դուք պետք է որոշեք, խնդիրը կարգավորեք, ոնց ուզում եք կարգավորեք: Ուզում եք տարածքային ամբողջականությամբ կարգավորեք, ինչի հետ համաձայնեք, այդպես էլ կարգավորեք: Ցանկացած ձևով կարգավորեք, բայց կարգավորեք»,-մեկնաբանում է միջազգայնագետը: Զրույցի մանրամասները` «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: