Ռեյտինգային համակարգը լուրջ փաստի առջեւ է կանգնեցրել փոքր կուսակցություններին. փորձագետ
Ընտրական նոր օրենսգրքի չընդունումը լուրջ փաստի առջեւ է կանգնեցրել կուսակցություններին, հատկապես՝ փոքր կուսակցություններին: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը պարզաբանում է, որ նոր օրենսգիրքն անցողիկ շեմն էր իջեցնելու եւ նախատեսում էր, որ առնվազն 4 կուսակցություն էր լինելու Ազգային ժողովում: «Չարաբաստիկ ռեյտինգային համակարգը լուրջ փաստի առջեւ է կանգնեցրել փոքր կուսակցություններին եւ դրանցից շատերը երկմտանքի առջեւ են՝ մասնակցել, թե ոչ ընտրություններին»,-նշում է փորձագետը:
Արմեն Վարդանյանը ցավով է նշում, որ այս ընտրությունները չեն լինելու գաղափարական: «Ընտրողները չեն կատարելու ընտրություն՝ կուսակցությունների ծրագրերի ու գաղափարախոսության միջեւ, այլ ծանոթ-բարեկամ սկզբունքով են առաջնորդվելու»,-ընդգծում է նա: Նա նաեւ հիշեցնում է, որ նախորդ ընտրություններին կային անհատներ, որոնք ավելի շատ ձայներ հավաքեցին, քան խոշոր կուսակցությունները:
Ինչ վերաբերում է հանրապետականների շանսերին, ապա փորձագետը նկատում է, որ ՀՀԿ-ն որոշակի խաղադրույք է կատարելու հենց հին օրենսգրքի վրա: «Հավանաբար ունեն լավ եւ ուժեղ թեկնածուներ՝ ռեյտինգայինով անցնելու համար»,-ասում է նա: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: