ՊԱՐԱԴԻԳՄ
08 Nov 2018

Տնտեսական դիվանագիտության մասով, ցավոք, պրոակտիվ չենք. Թաթուլ Մանասերյան

Տնտեսական դիվանագիտությունը մեզ մոտ երկու ոտքով է կաղում

 

Ինչպե՞ս ճիշտ դիրքավորվել Իրանի դեմ պատժամիջոցների համատեքստում: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այս հարցադրմանն ի պատասխան նախ նկատում է՝ այն, ինչ տեղի է ունեցել, բնականաբար, կանխատեսելի էր, եւ դրա մասին ԱՄՆ բազմիցս հայտարարել է: «Ըստ էության, միջուկային ծրագրով պատժամիջոցների մեղմացումն ընդամենը վերականգնվեց եւ, վստահ եմ, որ ոչ ամբողջովին. նախորդ պատժամիջոցներից կան բաներ, որոնք հիմա չեն կիրառվում»,-ասում է տնտեսագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Թաթուլ Մանասերյանն ընդգծում է, որ Հայաստանն այն ութ երկրներից մեկն է, որի հանդեպ կան բացառություններ: «Հայաստանը մասնակի բացառությունների մեջ է»,-նշում է նա: Ամբողջական բացառությունների մեջ այն երկրներն են, որոնք ավելի լայնամասշտաբ առեւտրատնտեսական կապեր ունեն Իրանի հետ: Մանասերյանի խոսքով՝ դրանք նաեւ ԱՄՆ գործընկեր եւ վերահսկելի երկրներն են:

Տնտեսագետը ցավով է արձանագրում, որ Հայաստանը թերանում է լիարժեքորեն զարգացնելու այն կարողությունը, որ ունի Իրանի հետ հարաբերություններում: «Եւ այստեղ ես գրեթե վստահ եմ, որ ԱՄՆ հետ կարող ենք ունենալ փոխըմբռնում՝ ՀՀ տնտեսական զարգացման ծրագրերից եւ, ընդհանրապես, շահերից ելնելով: Ցավով պետք է արձանագրեմ, որ մենք շատ պրոակտիվ չենք, հատկապես տնտեսական դիվանագիտության մասով: Տնտեսական դիվանագիտությունը մեզ մոտ երկու ոտքով է կաղում»,-ընդգծում է Մանասերյանը:

Որպես տնտեսական դիվանագիտության իրացման միջոց՝ տնտեսագետը կարեւորում է նաեւ առեւտրային կցորդների ինստիտուտի ձեւավորումը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: