ՊԱՐԱԴԻԳՄ
21 Nov 2018

Մի օր պետք է հասնենք այն մակարդակի, որ բոլոր եկամուտները հարկվեն, բայց հիմա ժամանակը չէ. Բաբկեն Թունյան

Քանի դեռ պետությունն իր քաղաքացուն նորմալ թոշակ ու աշխատավարձ չի տալիս, մարդկանց եկամուտները նվազեցնելը սխալ է:

 

ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել  նոր գաղափար, ըստ որի՝ 2020 թվականից 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու: Այս գաղափարն առավել հայտնի դարձավ՝ որպես տրանսֆերտները կրկնակի հարկելու մտադրություն: Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը պարզաբանում է՝ խոսքը ֆիզիկական անձանց եկամուտների եւ ծախսերի համընդհանուր հայտարարագրման մասին է:

«Այսինքն՝ մեծ հաշվով, կառավարությունը ցանկանում է ներդնել մի համակարգ, որ, օրինակ, մեկն աշխատում  է մի ընկերությունում, աշխատավարձ է ստանում, նրա փոխարեն եկամտահարկը հաշվարկում է եւ պետությանը փոխանցում է գործատուն: Հիմա ուզում են փոխել այդ համակարգը, որ ամեն մեկն անհատապես իր եկամուտների համար հաշվետվություն ներկայացնի, եւ այդ բեռը գործատուից փոխանցվի անձի վրա, որպեսզի մեծանա անհատական պատասխանատվությունը»,-բացատրում է տնտեսական մեկնաբանը:

Եկամտահարկ ասելիս՝ հիմնականում նկատի ունենք աշխատավարձը, սակայն ինչպես նկատում է Բաբկեն Թունյանը՝ եկամուտ համարվում է նաեւ այլ աղբյուրներից ստացված գումարները, օրինակ՝ շահում, հոնորար, օգնություն, վարձակալություն: «Հիմա, քանի որ այդ ընդհանուր եկամուտների մեջ կարող է տեսականորեն մտնել նաեւ դրսից եկած գումարները, բնականաբար, ըստ լոգիկայի, դա եւս պետք է հայտարարագրվի: Բայց այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ հենց մարդուն դրսից գումար են ուղարկում, պետությունը տեղում հարկում է»,-ասում է նա:

Բանախոսը նոր մեխանիզմն այսպես է պատկերացնում՝ մարդը տարվա ընթացքում տարբեր աղբյուրներից գումար է ստանում, առեւտուր է անում ID քարտով, ֆիքսվում է որքան առեւտուր արեց: «Իսկ վերջում հարկային մարմինը նրա համար ձեւաթուղթ է պատրաստելու՝ լրացրու, թե ինչքան ես ծախսել, նշիր ինչ եկամտի աղբյուրներ ունես: Հիմա, եթե այնպես ստացվի, որ մարդը 1 մլն դրամ է ծախսել, բայց թղթերով երեւա, որ ունի 200 հազար դրամի եկամուտ, ապա, բնականաբար. հարց է առաջանալու՝ մնացած 800 հազարը որտեղի՞ց»,-ընդգծում է Բաբկեն Թունյանը: Պարզաբանումները՝ «Պարադիգմ» հաղորդման մեջ: