Սոցիալական ցանցն արհեստականորեն գերագնահատված է. Արամ Անանյան
Սոցիալական ցանցի դերն արհեստականորեն գերագնահատված է թե մեդիա միջավայրում, թե հասարակության մեջ: «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի համոզմունքն է: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական գործիչների` սոցիալական ցանցերում լինելուն եւ ակտիվ լինելուն, ապա Անանյանի խոսքով`նրանք գաղթել են այնտեղ, որտեղ մարդկանց կուտակումն է: «Քաղաքական դաշտը գնում է այնտեղ, որտեղ ընտրողներն են»,-նկատում է նա:
Ինչ վերաբերում է սոցիալական ցանցի ֆենոմեններից մեկին`«ֆեյքերին», ապա Անանյանը դժվար է պատկերացնում դրանց դեմ պայքարը: «Ինչպե՞ս պայքարել ուրվականների դեմ: Չի բացառվում, որ նույն համակարգչով քսան-երեսուն «ֆեյք» է կառավարվում` մեխանիկական, միաժամանակյա աշխատանքի գործիքով»,-ասում է նա:
Իսկ ո՞րն է լինելու վաղվա մեդիան: Արամ Անանյանի կարծիքով` լինելու այն, ինչ այսօր արդեն անում է Para TV-ին: «Այսինքն, on demand մեդիան է: Իմ կարծիքով`արհեստական բանականության օգտագործմամբ աչքի ընկնող մեդիան է, տեխնոլոգիապես ավելի հագեցած մեդիան է: Տեսեք, այսօր լուր գրելու համար քեզ այլեւս լրագրողներ պետք չեն, այսօր չինական «Սինխուա» գործակալությունը փորձարկում է արհեստական բանականությամբ հաղորդավարներ, շուտով արհեստական բանականությամբ թարգմանող ականջակալներ են լինելու: Տեխնոլոգիաները բերում են նրան, որ լրագրողի դաշտը գնալով սեղմվում է»,-ընդգծում է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը: Մեդիա կանխատեսումների մանրամասները`«Պարադիգմ» հաղորդման մեջ: