ՊԱՐԱԴԻԳՄ
27 Mar 2017

ՀՀ-ն և ԵՄ-ն նախաստորագրել են «դիետիկ» համաձայնագիր. Ռուբեն Մեհրաբյան

Ռուսաստանին ձեռնտու չէ անկառավարելի լայնամասշտաբ պատերազմ տարածաշրջանում, սակայն Ռուսաստանին վերջնական կարգավորում էլ պետք չէ:

 

«Պարադիգմ» հաղորդման հյուրն է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ  Ռուբեն Մեհրաբյանը:

««Դիետիկ» համաձայնագիր»,- նման բնորոշում է տալիս Ռուբեն Մեհրաբյանը՝ Հայաստան- Եվրամիություն շրջանակային պայմանագրին, որի նախաստորագրումը գրեթե անտեսվեց ընտրական թոհուբոհի մեջ:

«2013 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած «կատաստրոֆայի» հետեւանքները վերացված չեն եւ նույնիսկ վերացված չեն այս պայմանագրի ստորագրմամբ: Սա կրճատված, «դիետիկ» համաձայնագիր է: Ըստ ամենայնի, այն ներառում է քաղաքական դեկլարատիվ մաս, բնականաբար, դրանից դուրս է բերված տնտեսական հիմնական բաղարիչը, որը պետք է ուժ եւ նյութական բազա հաղորդեր այս պայմանավորվածությանը, չկա անվտանգության բաղադրիչ»,-ընդգծում է փորձագետը:

Մեհրաբյանի համոզմամբ՝ պայմանագրում ներառված է այն ամենը, ինչ, գոնե այս պահի դրությամբ, հետաքրքիր չէ Ռուսաստանին եւ դուրս է ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի «զսպաշապիկից»:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությանը, մասնավորապես՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում, ապա Ռուբեն Մեհրաբյանի պնդմամբ՝ մեր ռազմավարական գործընկերոջն ամենևին էլ պետք չէ հակամարտության վերջնական կարգավորում: «Ռուսաստանն ուզում է ավելի կառավարելի կոնֆլիկտի գոտի: Ռուսաստանին, այո, ձեռնտու չէ անկառավարելի լայնամասշտաբ պատերազմ, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանին վերջնական կարգավորում էլ պետք չէ, որովհետեւ դա նշանակում է ռուսական լծակների էական թուլացում կողմերի նկատմամբ»,-պարզաբանում է փորձագետը:

Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնում է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հարցազրույցին եւ նրա առաջ քաշած ընդունելի և վիճահարույց թեզերին: