Եթե չկան ապացույցներ, ապա այդ ամենն ընդհանուր գիտակցության որոշումն էր. ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյան
Ընտրությունների արդյունքների առնչությամբ, եթե չկան փաստարկված ապացույցներ, ուրեմն՝ այդ ամենն ընդհանուր գիտակցության որոշումն էր: Նման եզրահանգում է անում Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ ամփոփելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Քաղաքական գործչի խոսքով՝ «երեւույթները պետք է փաստարկված լինեն, որ չասեն՝ բռնե՞լ եք, փաստեր ունե՞ք»: «Եթե քաղաքական ուժերը, նրանց վստահված անձինք, դիտորդները չեն ներկայացնելու փաստերով ամրագրված խախտումներ, որը կարող է հարցականի տակ դնել ընտրության արդյունքները, ապա դուրս է գալիս այն տարբերակը, որ եթե ես չեմ անցել, ուրեմն՝ ընտրություններն արդար չէին»,-նկատում է Թեւան Պողոսյանը:
Պատգամավորը կարեւորում է հասարակության գիտակցության բարձրացումը, որի ուղղությամբ, ըստ նրա, պետք են հստակ քայլեր ձեռնարկել: «Մենք պետք է քաղաքացի դաստիարակենք: Այդ քաղաքացուն պետք է քաղաքական ուժերը դաստիարակեն, գուցե, նախկին պատգամավորները կամ քաղաքական գործիչները դպրոցներում, նաեւ բուհերում, այս թեմաներով զրույցներ ունենան,-տարբերակ է առաջարկում ԱԺ պատգամավորը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: