ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
06 May 2020

«Հերթական մերժվածը». խորհրդարանը դեմ քվեարկեց Գևորգ Պետրոսյանի նախագծին

«Պարզապես «հերթական մերժվածը», ԱԺ-ում իր ներկայացրած նախագիծն այսպես է անվանել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ ԲՀԿ-ական պատգամավորի օրենսդրական առաջարկով՝ Սահմանադրական կարգի տապալում հոդվածը Քրեական օրենսգրքում պետք է հայտնվեր այն հոդվածների կողքին, որոնց համար վաղեմության ժամկետ չի սահմանվում:

«Այսօրվա քրեական օրենսգրքում՝ սահմանադրական կարգի տապալում հանցագործության համար նախատեսված է 15 տարի վաղեմության ժամկետ»,- պարզաբանում է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն ու հավելում՝ օրինագծի մերժումը հետագայում կարող է առաջ բերել որոշակի դժվարություններ՝ հանցագործությունը բացահայտելու հարցում․

Պատգամավոր Պերոսյանի խոսքով՝ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել իր օրինագծին՝ հիմնավորելով՝ եթե նման կարգ սահմանվի, ապա իրավապահ մարմինները չեն կարողանա արդյունավետ քննություն իրականացնել, քանի որ ժամանակի հետ ապացույցները կորցնում են իրենց ապացուցողականությունը։ Մյուս հիմնավորումը կապված է միջազգային փորձի հետ։

Ռոբերտ Հայրապետյանի կարծիքով՝ կառավարության եզրակացությունը զերծ է իրավական հիմնավորումներից, քանի որ, ըստ նրա, ո՛չ ներպետական, ո՛չ միջազգային օրենսդրության մեջ չկա որևէ նորմ, որով կսահմանվի, թե որ հանցագործության դեպքում պետք է սահմանել վաղեմության ժամկետ, որի դեպքում՝ ոչ․

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Գևորգ Պետրոսյանի օրենքի նախագիծը նախ հանձնաժողովի մակարդակում էր մերժվել, ապա նաև այսօրվա նիստում։ Իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի համոզմամբ՝ մարդիկ ժամանակի ընթացքում մոռանում են դեպքերը, ուստի նախագծի ընդունումը կարող է վտանգ ստեղծել, որ անմեղ մարդիկ դատապարտվեն։

«ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Գևորգ Պետրոսյանի նախագծի մասին Նիկոլայ Բաղդասարյանն ավելի վաղ ասել էր, թե քրեական օրենսգրքում մեկ հոդվածի համար չեն կարող փոփոխություն անել։ Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը պատգամավորի այս դիտարկումը առնվազն տարօրինակ է համարում եւ հիշեցնում, որ ոչ վաղ անցյալում իշխող ուժը նախատեսել էր ընդամենը 3 ամսում սահմանադրական փոփոխություններ անել։

Մանրամասները՝ տեսանյութում։