“Share4car” հավելված
Ավելի հարմար, քան երթուղայինը, ավելի մատչելի, քան տաքսին։ Share4car-ը Հայաստանի առաջին օնլայն ավտոստոպն է: Համակարգը միավորում է նույն ճանապարհով գնացող վարորդներին և ուղևորներին։ Արդյունքում՝ վարորդները, որ այսպես, թե այնպես ինչ-որ ճանապարհ պետք է անցնեն, ստարտափի միջոցով գտնում են ուղևորների, որոնք կիսում են ճանապարհածախսը։
Աշխատում է այսպես․վարորդը, ավելացնելով իր երթուղին, նշում է պայմանները, ուղևորը ծանոթանում է դրանց ու ամրագրում պատվերը: Վարորդի հաստատումից հետո կողմերը հնարավորություն են ունենում կապ հաստատելու։
Այստեղ նպատակներն ու գաղափարախոսությունն այլ է․քաղաքային երթևեկության թեթևացում, ճանապահածախսի նվազեցում, հարմարավետ երթևեկության նոր հարթակ․
Share4car-ի մշտական օգտատեր է Զարինե Հովհաննիսյանը. նա կարծում է՝ ավելի հարմար են քաղաքից դուրս երթուղիները։
Ստարտափի բիզնես մոդելն այսպես է աշխատում․ Երևան քաղաքում սահմանված է ուղեվարձի մինիմում 80, մաքսիմում՝ 300 դրամ, իսկ մայրաքաղաքից դուրս Share4Car համակարգը հաշվարկում է 1 կմ-ի համար 12-15 դրամ։ Ստարտափն ավելի ճկուն և հարմարավետ դարձնելու ուղղությամբ աշխատանքները մշտապես շարունակվում են:
Ամեն աշխատանքային օր, առավոտյան ուղիղ 8:00-ին Հերմինեն Էջմիածնից շարժվում է Երևան: Եթե պահում եք վարորդի սահմանած պայմանները, ապա կարող եք դառնալ նրա ուղևորը: Հերմինեն համոզված է՝ կին վարորդների նկատմամբ վստահությունն ավելի մեծ է:
Ստարտափն այսօր ունի 10.000 օգտատեր՝ 2.000 վարորդ եւ 8.000 հաճախորդ. Android եւ iOS օպերացիոն համակարգերի համար, համապատասխանաբար, 3.000 + եւ 4.000+ ներբեռնումներ։ Քարտեզն ընդլայնելու և օգտատերերի թիվը մեծացնելու համար խրախուսվում են բոլոր կրեատիվ մտքերը։