ԵՄ ում կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացումն ու վերացումը՝ համեմատության մեջ
Ցանկալի կլիներ, որ Եվրոպայում սահմանափակումների մեղմացումն ավելի սինխրոնիզացված լիներ, մինչդեռ Եվրամիության անդամ երկրների կառավարությունները սահմանափակումների թուլացումը հապճեպ կերպով են իրականացնում եւ ազգային կառավարությունները հարցի լուծումը մեծ մասամբ իրենց ձեռքն են վերցրել: Նման մտահոգություն էր հայտնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
politico.eu պարբերականը մեջբերում է Եվրահանձաժողովի ղեկավարի խոսքերն ու շարունակում՝ ԵՄ որոշ երկրներ սահմանափակումների մեղմացմանն ուղղված գործողությունները սկսել էին դեռ Զատկի տոնից, իսկ այս շաբաթվանից` մի շարք երկրներ սկսեցին ինտենսիվորեն կյանքի կոչել արգելափակումների դադարեցմանն ուղղված ծրագրերը:
Նույնիսկ համայնավարակի կիզակետում հայտնված Իսպանիան ու Իտալիան են սկսում աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանք հիշեցնող մի իրավիճակի:
Ներկայում խիստ տարբերություն կա եվրոպական երկրների միջեւ՝ այն հարցում, թե ինչ կարող են եւ ինչ չեն կարող անել քաղաքացիները: Իսպանացիներին, օրինակ, թույլատրվել է զբոսանքի դուրս գալ մայիսի առաջին շաբաթից, մինչդեռ դանիացիներն արդեն իսկ ապրիլի կեսերից այցելում էին գեղեցկության սրահներ: Չեխերն էլ, իրենց հերթին, պատրաստվում են մյուս շաբաթվանից վերաբացել կինոթատրոնները:
Շատ երկրներ պարտադիր են դարձրել պաշտպանիչ դիմակների օգտագործումը: Արգելափակման միջոցառումների թեթևացմանը զուգահեռ նախատեսում են տեղաշարժի վերահսկման հավելվածներ ստեղծել: Պարբերականը համեմատություն է անցկացնում եվրոպական երկրների արգելափակումների դադարեցման ռազմավարությունները:
Ինչպե՞ս են ԵՄ 27 երկրներն ու ԱՄՆ-ը ծրագրում մեղմացնել համայնավարակի դեմ պայքարին ուղղված սահմանափակումները:
Ավստրիա- Փոքր խանութները վերաբացվել են ապրիլի 14-ից: Այլ խանութները՝ մայիսի 1-ից: Ռեստորանները կբացվեն մայիսի 15-ից: Մայիսի 1-ի դրությամբ` հանվել է ոչ էական նշանակություն ունեցող տեղաշարժի արգելքը, ինչպես նաև թույլատրվում են մինչև տասը հոգուց բաղկացած հավաքույթները: Պաշտպանիչ դիմակների օգտագործումը խանութներում և հասարակական տրանսպորտում պարտադիր է: Արգելափակումների սկզբից անցել է 52 օր:
Բելգիայում վերաբացվել են այգիներն ու ինքնասպասարկմամբ խանութները` սոցիալական հեռավորությունը պահպանելու խիստ կանոնների պարտադրանքով: Մայիսի 4-ից վերաբացվել են գործվածքներ վաճառող խանութները: Իսկ ահա մայիսի 11-ից վերաբացվելու են բոլոր խանութները՝ հատուկ պայմաններով: Դպրոցները կվերաբացվեն մայիսի 18-ից: Պաշտպանիչ դիմակների օգտագործումը հասարակական տրանսպորտում պարտադիր է: Արգելափակումների սկզբից անցել է 50 օր:
Բուլղարիայում մայիսի 6-ից հանվելու են քաղաքների միջև տեաշարժի սահմանափակումը: Թույլատրվում են բացօթյա անհատական մարզումերը: Արգելափակումների սկզբից անցել է 55 օր:
Խորվաթիայում ապրիլի 27-ից թույլատրվել է բացել բոլոր խանութները, բացի առեւտրի խոշոր կենտրոններից: Ֆիզիկական շփում չենթադրող բիզնես գործունեության վերաբացումը թույլատրված է մայիսի 4-ից: Մայիսի 11-ից կթուլատրվեն մինչև 10 հոգուց բաղկացած հավաքները, կվերաբացվեն առևտրի խոշոր կենտրոններն ու դպրոցները: Բարերն ու ռեստորանները կարող են հաճախորդ ընդունել բացօթյա հատվածներում: Արգելափակումների սկզբից անցել է 50 օր:
Կիպրոսում, բացի առևտրի խոշոր կենտրոններից, մայիսի 4-ից վերաբացվել են բոլոր խանութները: Մարդկանց թույլատրվում է օրական երեք անգամ տնից դուրս գալ՝ մեկ անգամի փոխարեն` ուղարկելով տեքստային հաղորդագրություն: Երեկոյան 10-ից մինչև առավոտյան 6-ը սահմանված պարետային ժամը ուժի մեջ է: Արգելափակումների սկզբից անցել է 38 օր:
Չեխիայում ապրիլի 9-ից վերաբացվել են փոքր խանութները, ապրիլի 20-ին՝ շուկաներն ու տնտեսական խանութները: Իսկ ահա ապրիլի 27-ից վերաբացվել են ավելի մեծ խանութները: Մայիսի 11-ից էլ կբացվեն կինոթատրոնները, թատրոնները, առևտրի խոշոր կենտրոնները, ռեստորանները, սրճարանները: Մայիսի 25-ին կվերաբացվեն հյուրանոցները: Ապրիլի 24-ից թույլատրվում են մինչև 10 հոգանոց հավաքները: Իսկ ահա մայիսի 11-ից կթույլատրվի սոցիալական, մարզական և մշակութային մինչև 100 հոգանոց միջոցառումների, նաև հարսանիքների ու եկեղեցական ծառայությունների անցկացումը: Հասարակական վայրերում դիմակ կրելը պարտադիր է: Արգելափակումների սկզբից անցել է 52 օր:
Դանիայում մանկապարտեզներն ու դպրոցները բաց են ապրիլի 15-ից: Ապրիլի 20-ից էլ բացվել են որոշ փոքր բիզնեսներ, օրինակ՝ գեղեցկության սրահները: Արգելափակումների սկզբից անցել է 47 օր:
Ֆրանսիայում մայիսի 11-ից աստիճանաբար վերաբացվելու են մանկապարտեզներն ու դպրոցները: Բացի առևտրի խոշոր կենտրոններից` մնացած խանութները կվերաբացվեն մայիսի 11-ից: Նույն օրը կբացվեն նաև գրադարաններն ու փոքր թանգարանները: Այնուհետև, մարդիկ իրավունք կունենան դուրս գալ տնից՝ առանց անցաթղթի եւ մինչև 10 հոգանոց հավաքների մասնակցել: Հասարակական տրանսպորտում դիմակով լինելը պարտադիր է: Արգելափակումների սկզբից անցել է 51 օր:
Գերմանիայում մինչև 800 քմ մակերես ունեցող խանութները վերաբացվել են ապրիլի 20-ին` հիգիենայի բոլոր կանոնների խիստ պահպանմամբ: Առաջին դպրոցները աստիճանաբար վերաբացվում են մայիսի 4-ից սկսած: Դիմակը խանութներում և հասարակական տրանսպորտում պարտադիր է: Արգելափակումների սկզբից անցել է 45 օր:
Հունաստանում մայիսի 4-ից վերաբացվել են մանրածախ վաճառքի խանութներն ու վարսավիրանոցները: Մարդկանց թույլատրվելու է տնից դուրս գալ՝ առանց հաղորդագրություն ուղարկելու: Առաջին դպրոցները կբացվեն մայիսի 11-ից: Եկեղեցիները կվերաբացվեն մայիսի 17-ից: Ռեստորանների, սրճարաների ու բարերի վերաբացվումը նախատեսվում է հունիսի 1-ից: Դիմակները հասարակական տրանսպորտում և հասարակական փակ տարածքներում պարտադիր են: Արգելափակումների սկզբից անցել է 45 օր:
Իռլանդիայի կառավարությունը հայտարարել է հինգ փուլանոց ճանապարհային քարտեզի մասին` մայիսի 18-ից արգելափակումները մեղմացնելու նպատակով: Արգելափակումների սկզբից անցել է 56 օր:
Համայնավարակից առավել շատ տուժած երկրներից Իտալիայում ապրիլի 14-ից վերաբացվել են գրախանութները, գրենական պիտույքների ու մանկական ապրանքների խանութները: Մյուս ոլորտները աստիճանաբար վերսկսել են տնտեսական գործունեությունը մայիսի 4-ից: Գործարանները, շինհրապարակները և զբոսայգիները վերաբացվել են: Ավելի խոշոր խանութներն ու թանգարանները կբացվեն մայիսի 18-ից: Հունիսի 1-ից էլ կվերաբացվեն ռեստորանները, բարերն ու վարսավիրանոցները: Իտալացիներին մայիսի 4-ից թույլատրվում է սակավաթիվ մարդկանցով այցելել հարազատներին: Դպրոցները մինչև սեպտեմբեր չեն բացվի: Պաշտպանիչ դիմակների օգտագործումը խանությում և հասարակական տրանսպորտում պարտադիր է: Արգելափակումների սկզբից անցել է 59 օր:
Լյուքսեմբուրգում ապրիլի 20-ից բացվել են բիզնես գործունեություն ծավալող որոշ ընկերություններ: Պաշտպանիչ դիմակները պարտադիր են բոլոր այն իրավիճակներում, երբ երկու մետր սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր չէ: Արգելափակումների սկզբից անցել է 50 օր:
Նիդեռլանդներում նախակրթարանները կվերաբացվեն մայիսի 11-ից` ավելի փոքր դասարաններով: Միջնակարգ դպրոցներն էլ՝ հունիսի 1-ից: Ֆիզիկական շփում պահանջող գործունեությունը, ասենք՝ վարսավիրանոցները, փակ կմնան: Արգելափակումների սկզբից անցել է 52 օր
Լեհաստանում ապրիլի 20-ից վերաբացվել են այգիները, թույլատրվել է ավելի շատ թվով մարդկանց մուտքը սուպերմարկետ ու եկեղեցի: Մայիսի 4-ից վերաբացվել են առևտրի կենտրոնները, հյուրանոցները և մշակութային որոշ հաստատություններ: Առաջին մանկապարտեզները կվերաբացվեն մայիսի 6-ից: Լեհական դպրոցները փակ կմնան մինչև մայիսի 24-ը: Հասարակական վայրերում դիմակ կրելը պարտադիր է: Արգելափակումների սկզբից անցել է 45 օր:
Պորտուգալիայում մայիսի 4-ից վերաբացվել են փոքր խանութները, գեղեցկության սրահները, ավտոսրահներն ու գրախանութները: Արգելափակումների սկզբից անցել է 49 օր:
Ռումինիայում արտակարգ դրությունն ավարտվում է մայիսի 14-ին: Վարսավիրանոցները, թանգարաններն ու ատամնաբուժարանները կվերաբացվեն մայիսի 15-ից: Մանկապարտեզները, դպրոցներն ու բուհերը փակ կլինեն մինչև սեպտեմբեր: Դիմակները հասարակական տրանսպորտում և հանրային փակ տարածքներում պարտադիր են:
Ռումինիայում սահմանափակումների սկզբից անցել է 43 օր
Սլովակիայի կառավարությունը սահմանել է չորս մասից բաղկացած ծրագիր` պանդեմիայով պայմանավորված սահմանափակումները թեթևացնելու համար: Մինչև 300 քմ մակերես տարածք զբաղեցնող փոքր խանութների վերաբացումը թույլատրված էր դեռ ապրիլի 22-ից: Արգելափակումների սկզբից անցել է 56 օր:
Սլովենիա. այս երկրում ֆիզիկական շփում չպահանջող խանութների և ձեռնարկությունների մեծ մասը բացվել է ապրիլի 20-ին: Վարսավիրանոցների և այլ ծառայությունների վերաբացումը թույլատրվել է մայիսի 4-ից: Դպրոցներն ու մանկապարտեզներն աստիճանաբար կերաբացվեն մայիսի 18-ից: Սահմանափակումներից ի վեր անցել է 52 օր
Կորոնավիրուսից ամենից շատ տուժած եվրոպական երկրում՝ Իսպանիայում, մայիսի 4-ից երկրամասերի գերակշիռ մասում թույլատրվում է մարզվել, վերաբացվել են որոշ բիզնեսները՝ բացառապես ամրագրված ծառայություններ մատուցելու համար: Մայիսին և հունիսին աստիճանաբար կմեղմացնեն նաեւ այլ սահմանափակումներ` կախված տվյալ շրջանում վիրուսի տարածվածության ցուցաանիշներից: Դիմակները հասարակական տրանսպորտում պարտադիր է կրել, դրանք կարելի է ստանալ հենց տրանսպորտի մեջ: Արգելափակումների սկզբից անցել է 54 օր:
Եվրամիության երկիր չհանդիսացող Շվեյցարիայում խանութները, ռեստորաները, շուկաներն ու թանգարանները կվերաբացվեն մայիսի 11-ից: Կշարունակվի սահմանների վերահսկողությունը, սակայն երկիր մուտք գործելու սահմանափակումները կմեղմացվեն: Որոշ դպրոցներում դասերն արդեն վերսկսվել են: Պաշտպանիչ դիմակները պարտադիր չեն: Արգելափակումների սկզբից անցել է 51 օր: