ՊԱՐԱԴԻԳՄ
24 Apr 2017

Հայոց ցեղասպանության թեման համաշխարհային քաղաքականության թեմա է եւ հաճախ խաղարկվում է մեզնից անկախ. Սուրեն Մանուկյան

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ հայկական սփյուռքի, ոչ էլ հայկական դիվանագիտության նվաճումն էր:

 

Հայոց ցեղասպանության թեման համաշխարհային քաղաքականության թեմա է եւ, շատ դեպքերում, այն զարգանում է մեզնից անկախ: Այսինքն՝ այդ հարցը հաճախ խաղարկում են այլ խաղացողներ, հետեւապես՝ հետամուտ լինենք դրա ճանաչմանը, թե ոչ, միեւնույն է, այն խաղարկվելու է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, որպես ասածի վառ ապացույց՝ վկայակոչում է Գերմանիայի օրինակը: «Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ հայկական սփյուռքի, ոչ էլ հայկական դիվանագիտության նվաճումն էր: Եթե այդ պահին Գերմանիան լուրջ հաշվարկ եւ ցանկություն չունենար, ապա չէր ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-շեշտում է Սուրեն Մանուկյանը:

Պետությունները, բանախոսի համոզմամբ, երբեք չեն հրաժարվի Հայոց ցեղասպանության հարցից, որովհետեւ «նախեւառաջ այն մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն է, եւ ցանկացած պետություն, այդ հարցից հրաժարվելու դեպքում, պետք է պատրաստ լինի իմիջային լուրջ կորուստների»: «Չեմ կարծում, որ աշխարհի որեւէ պետություն կցանկանա այդ կորուստն ունենալ, բացի դրանից՝ այն ուժեղ  գործիք է, եւ ոչ ոք չի ուզի ձեռքից բաց թողնել: Դա նույնն է, ինչ վայր դնես ահաբեկչության դեմ պայքարի գործիքը»,-զուգահեռներ է անցկացնում փորձագետը:

Ինչ վերաբերում է 2016-2017թվականների Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ձեռքբերումներին, ապա Սուրեն Մանուկյանն առանձնացնում է մի քանի կարեւոր ցուցիչներ: «Ամենակարեւորը՝ Գերմանիայի ճանաչումն էր, որը շատ կարեւոր էր այն առումով, որ Գերմանիան ճանաչեց նաեւ իր մեղսակցությունը: Սա շատ կարեւոր «իրավաբանական կռվան» է, որովհետեւ եթե չկա հանցագործություն, չկա  նաեւ մեղավոր եւ մեղսակից: Եւ եթե կողմերից մեկն իրեն ճանաչում է մեղսակից, ապա անուղղակիորեն վկայում է նաեւ հանցագործությունը»,-պարզաբանում է Մանուկյանը: Հաշվետու տարվա այլ ձեռքբերումների, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարցի տարատեսակ մեկնությունների մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: