ՊԱՐԱԴԻԳՄ
25 Apr 2017

Թուրք սուլթաններն անգամ չեն ունեցել Էրդողանի չափ լիազորություններ. թուրքագետ Ռուբեն Մելքոնյան

Թուրքիայում ոչ մի նախագահ Էրդողանի չափ լիազորություն չի ունեցել, անգամ՝ Թուրքիայի հանրապետության հիմնադիր նախագահ Աթաթուրքը:

 

Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից դեռ շատ առաջ նախագահ Էրդողանն արդեն չեզոքացրել էր այն բոլոր հավանական գործոնները, որոնք կարող էին ակտիվանալ հանրաքվեի ձախողման կամ հետընտրական գործընթացների ժամանակ: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, մեկնաբանելով հանրաքվեի առանձնահատկությունները, ընդգծում է՝ Էրդողանի «դե ֆակտո» մեծ լիազորություններին գումարվում են նաեւ «դե յուրե» լիազորությունները:

«Ընդ որում՝ ֆանտաստիկ մեծ հնարավորություններ: Թուրքիայում ոչ մի նախագահ նման լիազորություն չի ունեցել, անգամ հանրապետական Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքն երբեւէ օրենքով օժտված չի եղել նման լիազորություններով, նա եղել է խորհրդարանական պետության թույլ լիազորություններ ունեցող նախագահ, այլ բան է, որ այդ լիազորությունները մեծացրել է իր խարիզմայի շնորհիվ»,-պարզաբանում է թուրքագետը:

Այսպիսով, ըստ Մելքոնյանի, Ռեջեփ Էրդողանը խախտում է այդ ընդունված ավանդույթը եւ իրեն համարում ոչ թե Աթաթուրքի ժառանգը, այլ ըստ էության՝ սուլթան Աբդուլ Համիդի: «Վերջին թուրք ղեկավարը, որն ունեցել է օրենքով ամրագրված նման լիազորություններ՝ եղել է Աբդուլ Համիդ երկրորդը, անգամ նրանից հետո սուլթանները չեն ունեցել նման լիազորություններ»,-շեշտում է թուրքագետը:

Էրդողանի քաղաքական մեսիջների, սուլթանական գործողությունների եւ ատրիբուտների մասին փորձագիտական պարզաբանումները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: