ՊԱՐԱԴԻԳՄ
27 Apr 2017

Պահել ազգային տեսակը նշանակում է թույլ չտալ զարգանալ. ազգագրագետ Հրանուշ Խառատյան

«Պահպանել» բառը վտանգավոր է, պահպանելը՝ փակի տակ դնել ու կոնսերվացնելն է:

 

Պահել ազգային տեսակը նշանակում է թույլ չտալ զարգանալ: «Պահպանել» բառը վտանգավոր է, պահպանելը՝ փակի տակ դնել ու կոնսերվացնելն է: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այս բառի փոխարեն այլընտրանքային տարբերակ է առաջարկում: «Ասենք, Հայաստանի, հայի զարգացման ուղիներ: Ազգագրական մոտեցումը կարծրացած չէ: Իմ պատկերացմամբ՝ պետք է հնարավորություն տալ մշակութային կարեւորագույն արժեքները ժառանգորդել՝ ժամանակին համահունչ դարձնելով»,-պարզաբանում է ազգագրագետը:
Խառատյանի խոսքով՝ մտածված եւ չմտածված, կարծրացած եւ դիպվածային տարաբնույթ «ֆրազներ» են նետվում հրապարակ եւ կարծրացնում խնդիրը: Այս համատեքստում ազգագրագետը վկայակոչում է կլիշե դարձած «հայու տեսակ» ձեւակերպումը: «Կարծում եմ՝ բոլորս մեր ուղեղում ունենք ուրվագծված, թե ինչ է հայը: Էթնիկությունը դինամիկ պրոցես է, կարծրացած չէ, եւ մենք տարբերվում ենք երկու հազար տարվա հայից, քրիստոնեությունն ընդունած հայից, շատ տարբեր ենք անգամ 100 տարի առաջվա հայից»,-նկատում է բանախոսը:
Ազգագրագետն այս դինամիկան ոչ բարեբախտություն, ոչ էլ դժբախտություն է համարում, այլ՝ կյանքի բնական ընթացք: «Եւ եթե այդ բնական ընթացքի մեջ ունենք արժեքներ, որոնք անընդհատ փոխանցվում են՝ բարեբախտություն է»,-ընդգծում է բանախոսը: Եւ որպես փոխանցված արժեք՝ Խառատյանն առանձնացնում է լեզուն, որը մշտապես զարգանում է: «Այն միշտ կա եւ, բարեբախտաբար, զարգանում է, փոխվում է: Մեր այսօրվա լեզուն, անշուշտ, շատ տարբեր է: Եւ եթե այսօր «հայի տեսակը»՝ հայոց լեզուն է, ապա մեր առաքելություններից մեկը լեզուն պահպանելն է, ինչը շատ լավ է»,-նշում է նա:
Ազգային առանձնահատկության մանրամասները եւ յուրօրինակ մեկնաբանությունը՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: