ՊԱՐԱԴԻԳՄ
29 Apr 2017

Մեզ համար իդեալական տարբերակը կամավորական բանակն է. Հովսեփ Խուրշուդյան

Մարդկանց գիտակցության մակարդակն այնպիսին պիտի լինի, որ բանակ գնալը պատիվ լինի, իսկ չգնալը՝ խայտառակություն:

 

Բանակի, ծառայության, ինքնազոհողության եւ, ընդհանրապես, արժեքների հանդեպ մոտեցումը պետք է փոխվի: Այլապես, ոչինչ չի փոխվի: «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, մեկնաբանելով Պաշտպանության նախարարի օրերս ներկայացրած ծրագրերը, հարցադրում է անում՝ այսօր ի՞նչ արժեքներ են կուլտիվացվում երկրում: «Նույնիսկ «Ազգ- բանակ» գաղափարի հիմքում է դրված փողը»,-նկատում է բանախոսը:

Խուրշուդյանի կարծիքով՝ մեր բանակի համար իդեալական տարբերակը կամավորական բանակն է: «Այսինքն՝ կամավորական ոչ այն իմաստով, որ այնտեղ պիտի գնան գումար աշխատելու, այլ մարդկանց գիտակցության մակարդակն այնպիսին պիտի լինի, որ բանակ գնալը պատիվ լինի, իսկ չգնալը՝ խայտառակություն»,- պարզաբանում է նա:

Հովսեփ Խուրշուդյանը դեմ է արտահայտվում նաեւ բանակային կառուցվածքի եւ ներբանակային փոխհարաբերությունների մոդելին, որը, նրա խոսքով, ուղղակիորեն «քոփի-փեյսթ» է արված խորհրդային բանակի կառուցվածքից: «Միգուցե, այն լավ աշխատել է ինչ-որ ժամանակաշրջանում, բայց հիմա վերցրել են ժողովրդավարական համակարգի մեջ մտցրել են տոտալիատար համակարգի մնացուկը՝ փորձելով ինչ-որ ռեֆորմներ անել, նաև արեւմտյան ստանդարտներ կիրառել, որը, սակայն, շատ սահմանափակ է կիրառվել: Այնուհանդերձ, նույնիսկ այդ ստանդարտները որքանո՞վ են կիրառելի հայկական իրականության մեջ»,-հարցադրում է անում ՀԿ-ի նախագահը:

«Միլիտարիզացիա, միլիտարիզացման ավելի բարձր մակարդակ». սա Խուրշուդյանի առաջարկած մոդելն է: Իսկ այս ամենի մանրամասները եւ պարզաբանումները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: