"Velopark" բջջային հավելված
Ինչպես գտնել հեծանիվի կայանման մոտակա կետը, երբ հայտնվել ես անծանոթ քաղաքում կամ որտեղ նորոգել հեծանիվը, երբ այն անսպասելիորեն խափանվել է: Հայաստանում զարգացող հեծանվային մշակույթին զուգընթաց հեծանվորդների համար առաջացող խնդիրներին լուծում է տվել APARG ընկերությունը՝ Velopark բջջային հավելվածի միջոցով:
Հավելվածը հնարավորություն է տալիս գտնել հեծանվորդին մոտ գտնվող կայանատեղերը, հեծանիվի վաճառասրահները, վարձույթի և նորոգման կետերը, անհրաժեշտության դեպքում՝ ավելացնել նոր կետեր: Վերջին թարմացման արդյունքում, Velopark-ում ավելացել է Lock ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել պատահական վայրում կայանած հեծանիվը:
Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար: Մոտ մեկ տարում այն ներբեռնել է ավելի քան 500 օգտատեր: Քարտեզում, ընդհանուր առմամբ, այսօր գրանցված է մոտ 200 կետ: Ընդ որում, հավելվածի կիրառությունը դուրս է եկել Հայաստանի սահմաններից և գրավել Վրաստանը, Չեխիան, Նիդեռլանդները:
Արծրուն Հակոբյանի համար Velopark-ը հարմար հարթակ է, հատկապես՝ անծանոթ վայրում: Քաղաքում շրջելիս էլ արագ նկատում է հեծանվորդների համար դեռ «անհայտ» կետեր և ավելացնում քարտեզում:
VeloClub-ի ստորգետնյա այս արհեստանոցն առաջարկում է թե՛ հեծանիվների նորոգում, թե՛ վարձույթ: Ակումբ-արհեստանոցը հավելվածի քարտեզում ավելացրել է ակումբի համահիմնադիր Էմիլ Ասատրյանը, հավելվածի միջոցով նրանց գտած առաջին հաճախորդն էլ Արծրունն է:
Այս պահին հավելվածն ունի ավելի շուտ ինֆորմատիվ բնույթ: Ստարտափի հեղինակները նախատեսում են առաջիկայում Velopark-ը դարձնել առավել ինտերակտիվ, և այն վերածվել հեծանվային մշակույթը խրախուսող կարևոր գործիքի: