Արցախյան հակամարտությունն այս փուլում ուղղակիորեն շահագործվում է. Ստյոպա Սաֆարյան
Կառուցողական «ոչ»-ը հաճախ ավելի կարեւոր է եւ ավելի մեծ իշխանություն ունի, քան ամեն անգամ, ամեն գնով եւ ամեն պայմաններում հանդիպելու պատրաստակամությունը: Նման համոզմունք է հայտնում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը:
«Եթե որեւէ բան չի համապատասխանում քո շահերին, ապա չպետք է խուսափես «ոչ» ասել. սա հստակ ցուցում է բանակցությունների տեսության մեջ: Ամեն անգամ չէ, որ «մասնակցություն հանուն մասնակցության» ճիշտ է ընկալվում»,-ընդգծում է նա: Առավել եւս, ինչպես նկատում է վերլուծաբանը, երբ այդ հանդիպման նախօրեին երկու զինվոր է զոհվում եւ հրապարակվում է ռուսական սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարումն Ադրբեջանին:
Սաֆարյանի խոսքով՝ արցախյան հակամարտությունն այս փուլում ուղղակիորեն ենթարկվում է շահագործման, քանի որ այն ամենաազդեցիկ լծակն է թե Հայաստանի, թե Ադրբեջանի դեմ: «Հետեւաբար, եթե որեւէ կողմ նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում այս բարդագույն շրջանում, երբ տեսանելի չէ կոնֆլիկտի լուծումը, ապա պետք է փնտրել այլ շահեր, որոնք ընկած են հիմնախնդրի կարգավորման նախաձեռնողականության եւ ակտիվության թիկունքում»,-նշում է բանախոսը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: