Առանց կրքի` չես կարող առաջ մղել քո գաղափարախոսությունը:
Կյանքիս ամենահրաշալի պատմությունը՝ «Ժառանգության» հետ ճանապարհ անցնելն էր եւ, երեւի թե, այդ հրաշալի պատմությունը պետք է ավարտվեր, որ սկսվեր մի նոր հրաշալի պատմություն: Իսկ ո՞րն է լինելու «Երկիր Ծիրանի» նորաստեղծ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջանի «հաջորդ հրաշալի պատմությունը»: Քաղաքական գործիչը գործունեության այս փուլում տրամադրված է «գրավել» քաղաքապետարանը: «Մենք գնում ենք քաղաքապետարանը գրավելու եւ այն ազատագրելու կոռուպցիայից, կեղտից, ապօրինությունից»,-ասում է քաղաքապետի թեկնածու Փոստանջյանը:
Էքսցենտրիկ վարքագծով հայտնի Փոստանջյանն իր հաջողության բանաձեւը համարում է ընտանիքի աջակցությունը: «Հարազատներս ինձ նման են եւ քաջալերում են իմ գործունեությունը, եթե չունենայի նրանց աջակցությունը, եթե ծնողներս ինձ այդպես չդաստիարակեին, չխրախուսեին, եթե ամուսինս թիկունքիս չլիներ, իսկ հետագայում նաեւ երեխաներս, ապա չէի կարող այդքան ուժեղ լինել: Թե՛ իմ ընտանիքում, թե՛ աշխատանքում համերաշխություն է, ինչը շատ կարեւոր է՝ ցանկություններդ իրականացնելու եւ նպատակիդ հասնելու համար»,-նշում է Զարուհի Փոստանջյանը:
Կրակոտ ելույթներով հայտնի գործիչը համոզված է՝ առանց կրքի չես կարող առաջ մղել քո գաղափարախոսությունը: «Պետք է նաեւ շրջահայաց լինել: Գուցե ինձանում կիրքն ավելին է, քան շրջահայացությունը»,-չի բացառում նա: Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ հաղորդման հետաքրքիր դրվագները՝ «Դժվար զրույց»-ում: