Հայաստանում ընտրական ինստիտուտը չի աշխատում. Վահագն Խաչատրյան
Հայաստանի քաղաքացիները, ոնց որ, հոգեկան հիվանդներ լինեն: Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը նման սուր բնորոշում է տալիս՝ մեկնաբանելով հայաստանյան ընտրական գործընթացների արդյունքները: Նախկին քաղաքապետն ընդգծում է, որ ամեն անգամ միեւնույն քաղաքական ուժից լսում ենք նույն խոստումները, ընտրում ենք այդ նույն ուժին, որը ոչինչ չի անում, բայց որին շարունակում ենք ընտրել նորից ու նորից:
«Ամբողջ ընտրական գործընթացի տրամաբանությունն այն է, որ դու ունես ընտրելու հնարավորություն, կարող ես ընտրել, սպասել չորս տարի, արդյունքները չգոհացնելու դեպքում էլ չընտրես այդ ուժին: Մինչդեռ մենք ամեն անգամ խոստումներ ենք լսում, որոնք չեն իրականանում, բայց հետո նորից ու նորից ընտրում ենք այդ ուժին: Կամ մենք մեզ չենք հարգում, կամ էլ իսկապես հոգեկան հիվանդներ ենք»,-ասում է Վահագն Խաչատրյանը:
Նախկին քաղաքապետն ունի ընտրության սեփական բանաձեւը՝ «ամենաճիշտն այն ընտրությունն է, որը թույլ կտան ընտրողին կատարել»: «Բայց ընտրողը զրկված է այդ հնարավորությունից, որովհետեւ այն ինստիտուտը, որը կոչվում է ընտրական ինստիտուտ, Հայաստանում չի աշխատում»,-համոզված է բանախոսը:
Ըստ Վահագն Խաչատրյանի՝ քաղաքական դաշտի նոր կամ իշխանություն չունեցող ուժերն այսօր զրկված են իշխանության գլուխ անցնելու հնարավորությունից, «քանզի իշխանությունն ի սկզբանե ունի մեծ առավելություն՝ կեղծիքի մեխանիզմն օգտագործելու առումով»:
Այս դեպքում՝ ինչո՞ւ են քաղաքական նոր ուժերը մասնակցում ընտրություններին, եթե հնարավորություն չկա մեծամասնություն կազմելու: Այս եւ այլ հարցերի պատասխանները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: