Հայերը վճռական որոշում կայացնելիս կարող են առաջնորդվել այսրոպեական շահերով. Խաչիկ Գալստյան
Ավագանու ընտրությունների արդյունքները շատ կանխատեսել են. սա խաղ է մեկ դարպասի ուղղությամբ, որտեղ ՀՀԿ-ն խաղից դուրս է եւ հիմնական մրցակցությունն ընթանում է երկրորդ տեղի համար: Քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը, գնահատելով «Ելք» դաշինքի շանսերը, նշում է, որ ԱԺ ընտրություններին հավաքած կապիտալը դաշինքը կարողանում է առարկայացնել նաեւ այս ընտրություններին: ««Երկիր Ծիրանի»-ն էլ այս ընտրությունների «կինդերսյուրպրիզն» էր, որը ինչպես բոլոր ընտրություններում, այս անգամ եւս ի հայտ եկավ: Նորաստեղծ կուսակցությունն էլ օգտվեց նոր օրենքի ընձեռած այն հնարավորությունից, որ եւ Խորհրդարանում, եւ Ավագանիում պետք է ներկայացված լինեն քաղաքական երեք ուժ»,-նշում է քաղաքագետը:
«Մրցակցությունից դուրս» ՀՀԿ-ն ունի բոլոր շանսերն այս ընտրություններում հավաքելու ձայների նույնիսկ 2/3 տոկոսը: Այս անհավանական թվացող կանխատեսումը քաղաքագետը բացատրում է «հայաստանյան ընտրության յուրահատկությամբ»: «Հայ ընտրողի վարքագծային շարժառիթները միանգամայն տարբեր են: Մենք՝ հայերս, կարող ենք դժգոհել ամեն ինչից եւ ամեն ժամ, սակայն վճռական, կարեւոր որոշում կայացնելիս՝ առաջնորդվենք այսրոպեական շահերով, դրա մեջ մտնում է հարեւանի տղան, խնամի-ծանոթ-բարեկամ կապերը, ինչ-որ մեկին լավություն անելը, ընտրակաշառքը»,-պարզաբանում է Խաչիկ Գալստյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: