ՊԱՐԱԴԻԳՄ
18 May 2017

Հայաստանը վարում է արձագանքման քաղաքականություն, ոչ կանխարգելող. Արեգ Գալստյան

Վիրավորական է, երբ տեսնում ես Հայաստանի վարած անհետեւողական քաղաքականությունը:

 

Օբյեկտիվ գործոնների համաձայն՝ ռուսական քաղաքականության մեջ հայկական գործոնը պետք է լինի առաջինը՝ տարբեր ցուցանիշերով: Ռուսաստանցի քաղաքագետ, ամերիկագետ, պատմական գիտությունների թեկնածու Արեգ Գալստյանի պնդմամբ՝ պատմականորեն եւ այսօր էլ Հայաստանի քաղաքական դիրքերը Ռուսաստանում անհամեմատ շահեկան վիճակում են:


Այդուհանդերձ, այլ հարց է, թե որքանո՞վ է Հայաստանն օգտվում այդ դիրքերից: Քաղաքագետի խոսքով՝ չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի մեկնարկային դիրքերը բացարձակապես տարբեր են, սակայն Ադրբեջանը փոխհատուցում է այդ ամենը բարձրորակ դիվանագիտական եւ լոբբիստական աշխատանքով:


«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է ԶԼՄ-ների հետ, իհարկե, չեմ ուզում իդեալականացնել Ադրբեջանի գործոնը եւ նսեմացնել հայկականը: Սակայն Հայաստանն անդամակցում է այն բոլոր ինտեգրացիոն կառույցներին, որոնք շատ լուրջ քաղաքական բոնուս եւ քաղաքական հնարավորություններ են տալիս»,-պարզաբանում է Արեգ Գալստյանը: Նրա համար վիրավորական է, որ Հայաստանն այդ կառույցներում եւ ոչ միայն, ձախողումներ է ունենում:


«Վիրավորական է, երբ տեսնում ես բացառապես անհետեւողական քաղաքականություն, օրինակ՝ ԵԱՏՄ-ի հարցում: Երբ Ղազախստանը, Ադրբեջանին չանհանգստացնելու համար, Երեւանում նախատեսված գագաթնաժողովը տեղափոխում է Մոսկվա: Աստանան ունի իր շահը, որը հաջողությամբ ռեալիզացնում է, Մոսկվան ունի իր շահը, որը նույն կերպ ռեալիզացնում է, Մինսկը եւս ունի իր շահը: Իսկ ո՞ւր է մեր շահը, որտե՞ղ է հայկական շահը, որտե՞ղ է այն դրսեւորովում»,-հարցադրում է անում քաղաքագետը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: