Ադրբեջանում հակահայ քարոզչությունն առկա է դպրոցական բոլոր առարկաներում. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունն ունի երկու ուղղություն՝ հակահայ քարոզչություն եւ երկրի իմիջի բարձրացում: Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ընդգծում է, որ իմիջի բարձրացման ուղղությամբ առավել մեծ ռեսուրսներ եւ գումարներ են ծախսվում: «Նախկինում Ադրբեջանը ծախսում էր տասնյակ միլիոնավոր դոլարներ, հիմա գնալով նվազում են իմիջային միջոցառումները, ինչը պայմանավորված է տնտեսական ճգնաժամով եւ, առհասարակ, երկրի ներքին խնդիրներով, որոնք սրվել են»,-նշում է բանախոսը:
Անժելա Էլիբեգովայի մեկնությամբ՝ «խավիարային դիվանագիտություն»-ը լոբբիզմի այլասերված, ադրբեջանական տարբերակն է: «Այն իրականացվում է գռեհիկ, «զոռբա» ձեւով, ոչ կոմպետենտ եւ ոչ նուրբ, այնպես, որ դա ֆիքսվում է եւ դառնում աշխարհով մեկ սկանդալի թեմա, ձերբակալությունների եւ հետաքննությունների պատճառ»,-նկատում է նա:
Էլիբեգովան շեշտում է, որ լոբբիզմով զբաղվում են շատ երկրներ, սակայն Ադրբեջանը դա անում է շատ կոպիտ եւ «քառակուսի» ձեւով: «Ադրբեջանն ուղղակի սկսեց գնել մարդկանց նավթադոլարներով եւ բառի բուն իմաստով նվիրել սեւ խավիար»,-ասում է բանախոսը:
Ֆինանսավորո՞ւմն է պակասել, թե՞ խավիարն է քչացել, սակայն արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը «գցում» է գործընկերներին: Այս ամենի, ինչպես նաեւ Ադրբեջանի հակահայ քարոզչության մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: