Հարավային Կովկասում պատերազմական գործողություններ կարող են սկսվել Իրանի սահմաններում ռազմական գործողությունների դեպքում. Արման Մելիքյան
Մադրիդյան սկզբունքները խաղաղության հասնելու ճանապարհ չեն: Տարածաշրջանում քաղաքական որոշակի կշիռ ունեցող ուժերի միջեւ՝ թե Ռուսաստանի, թե Արեւմուտքի, թե Իրանի ու Թուրքիայի, եւս բալանս է ստեղծված այդ սկզբունքների միջոցով: Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը հավելում է՝ այդ բալանսը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ ուժերից որեւէ մեկն այն խախտելուն ուղղված լուրջ քայլ չի ձեռնարկի: «Բայց այդ քայլն արվելու է հակամարտող կողմերից որեւէ մեկի ջանքերով: Այսինքն՝ Հայաստանին կամ Ադրբեջանին համոզելու են այդ քայլն անել: Դրա խայծերը կան, չնայած իրավիճակը դեռ չի հասունացել, բայց հասունացվում է»,-վստահ է բանախոսը:
Հայաստանն ու Արցախը, ըստ Մելիքյանի, իրենց պաշտոնական քաղաքականության մեջ չունեն այն պահեստային ուղիները, որոնց միջոցով հնարավոր կլիներ նոր ուղիներ հարթել բանակցային գործընթացի համար եւ նոր առաջարկներով հանդես գալ: «Ինչու ոչ՝ այդ առաջարկներում դիտարկել թեկուզ եւ Ադրբեջանի շահերը: Հաշտության, տեւական խաղաղության հասնելու համար, իհարկե, պետք է հաշվի առնել միմյանց շահերը»,-ասում է նա:
Նախկին նախարարը նաեւ հավելում է ՝ Հարավային Կովկասում պատերազմական գործողությունները կարող են սկսվել, օրինակ, Իրանի սահմաններում ռազմական գործողությունների մեկնարկի դեպքում: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման մեջ: