ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
17 Nov 2021

Տեսնելով ՀՀ իշխանությունների վառած խաղաղության կանաչ լույսը թշնամին շարունակում է սողացող պատերազմը

Մոսկվայում այսօր մեկ սեղանի շուրջ են նստել Հայաստանի և Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարները։ Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվել է ԱՊՀ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպումը:

Այս հանդիպումը տեղի ունեցավ Ադրբեջանի հրահրած հերթական ագրեսիայից հետո, որը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի ու ընթացավ Հայաստանի հանրապետության սուվերեն տարածքում՝ երկրի արևելյան սահմանագոտում։ Նոյեմբերի 16-ին ժամը 13։00-ից 18։30-ը տևած պատերազմական գործողությունների ընթացքում թշնամին կիրառեց հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ 

ՀՀ Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց հայկական կողմից մեկ զոհի, 13 գերեվարվածի մասին։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Հայկական կողմի տվյալներով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտնած տվյալների համաձայն էլ 7 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, 10-ը վիրավոր են։ 

ՀՀ ՊՆ-ի տվյալներով հայկական կողմն  ունի առնվազն 2 մարտական դիրքի կորուստ։ Հիշենք, որ այս տարվա մայիսին թշնամին   3 կմ առաջ էր եկել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում, ևս 2 կիլոմետր էլ՝ Սյունիքի Իշխանասարի Սև լճի հատվածում։ այդ գործողությունից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու։ 

Թե որն է Փաշինյանի պատկերացրած խաղաղ ճանապարհը՝ դժվար է ասել։ Քանի որ այն պետությունը, որի զինված ուժերն ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, չեն ցանկանում խաղաղություն, որքան էլ որ դրա մասին բարձրաձայնում են։ Տեսնելով ՀՀ իշխանությունների վառած խաղաղության կանաչ լույսը թշնամին շարունակում է սողացող պատերազմի ընթացքն ու երեկ կրկին խորացավ  ՀՀ ինքնիշխան տարածք։ 

Թշնամու նպատակն է միջանցք ստանալ Հայաստանից. կլինի ուժի սպառնալիքով, թե ուժի կիրառմամբ։  Եվ իզուր չէ, որ 2-ական կիլոմետրերով ադրբեջանական զորքն առաջ է գալիս ՀՀ տարածքի ամենանեղ՝ Սյունիքի մարզի 26 կիլոմետր լայնություն ունեցող հատվածում։ 

Քաղաքական վերլուծաբան Նաիրի Հոխիկյանի դիտարկմամբ, թշնամին մի քանի շաբաթ անց  նորից նման մի տեղային բախում կանի, ևս մի քանի կմ առաջ կգա,   մինչև հասնի իր համար ցանկալի բնագծերի։