Իրանը կփորձի հնարավորինս օգուտ քաղել վերջին ահաբեկչությունից. Արմեն Իսրայելյան
Իրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունն աննախադեպ էր այն առումով, որ ահաբեկչության թիրախ դարձան պետական հաստատությունները՝ Մեջլիսը եւ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ, ԻԻՀ հիմնադիր Խոմեյնիի դամբարանը: Իրանի հարցերով փորձագետ Արմեն Իսրայելյանը վերջին գործողությունները ուշագրավ է համարում նաեւ այն առումով, որ հենց սկզբից դրանք որակվեցին ոչ թե ահաբեկչություն, այլ զինված հարձակում:
«Իրանում պարբերաբար տեղի են ունենում ահաբեկչություններ, նույնիսկ ավելի շատ քաղաքացիներ եւ սահմանապահներ են զոհվում, քան վերջին իրադարձությունների ժամանակ: Այդ բոլոր գործողությունները հենց սկզբից որակում են ահաբեկչություն, բայց վերջին դեպքերն ուշագրավ էին այն առումով, որ մի քանի ժամ անց էլ դրանք որակվում էին որպես զինված հարձակում, ոչ ահաբեկչություն»,-նկատում է փորձագետը:
Ինչպիսի՞ն կլինի Իրանի պատասխանը: Իսրայելյանը կարծում է, որ Իրանն ինչ-որ չափով արդեն պատասխանել է: «Ահաբեկչության վնասազերծումից հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնամասշտաբ գործողություն իրականացրեց, նաեւ այս օրերի ձերբակալությունների շարքը դրա վկայությունն է»,-նշում է նա:
Իրանագետը հավելում է՝ Իրանի պատասխան կլինի ոչ թե ուժի ցուցադրմամբ, այլ դիվանագիտական դաշտում՝ հնարավորինս փորձելով այդ ահաբեկչությունից օգուտ քաղել եւ ամրապնդել դիրքերը: «Այդ առումով պաշտոնական Թեհրանն ունի շատ առիթներ՝ ցույց տալու իր տեսանկյունից այն ճշմարտությունը, որը նա պարբերաբար բարձրաձայնել է եւ միջազգային հանրությանը կոչ արել պայքարել ահաբեկչության դեմ»,-ընդգում է բանախոսը: Մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: