Որեւէ տարբերություն չկա, թե ինչ պաշտոնում կլինի Սերժ Սարգսյանը 2018-ին՝ վարչապետի, թե ՀՀԿ նախագահի. Թեւան Պողոսյան
Ազգային ժողովում, իրականում, չտեսա Կառավարության ծրագրի քննարկում: Ելույթների մեծ մասը վերաբերում էին միայն վարչապետի մնալ, չմնալուն: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանն այդ հարցը չի անկարեւորում, սակայն ընդգծում է՝ այսօր այն քննարկելը սխալ օրակարգ է: «Ցանկացած իրավիճակ կարող է լինել մինչեւ 2018 թվականի ապրիլը, կարող է ամեն ինչ փոխվել, կարող է՝ նույնը մնալ կամ փայլուն կերպով զարգանալ»,-նշում է նա:
Սերժ Սարգսյանը կփորձի՞ հավերժացնել իր իշխանությունը եւ ստանձնել վարչապետի պաշտոնը: Նախկին պատգամավորը որեւէ տարբերություն չի տեսնում, թե ինչ պաշտոնում կլինի Սերժ Սարգսյանը՝ վարչապետի, թե ՀՀԿ նախագահի: «Եթե Սերժ Սարգսյանը լինելու է ՀՀԿ նախագահը, եւ այդ կուսակցությունն է կառավարելու, ապա ի՞նչ տարբերություն, թե ի՞նչ պաշտոնում է նա լինելու: Մելիք-Ադամյան 2-ում նստելով էլ նա կարող է այնպես անել, որ 64 պատգամավորն իր ուզածով քվեարկի»,-ընդգծում է Թեւան Պողոսյանը՝ միաժամանակ չբացառելով, որ ցանկացած ճգնաժամային իրավիճակում Սերժ Սարգսյանը կարող է դառնալ նաեւ վարչապետ: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: