«Բարի տնակ»-ի կառուցման համար անհրաժեշտ են աջակիցներ
Յուրաքանչյուր ուրբաթ Վարդուհին 8- ամյա որդուն հատուկ կարիքներով երեխաների դպրոցից տանում է տուն: Աուտիզմի ախտանշաններն Իսմայիլի մոտ սկսել են դրսևորվել 2 տարեկանից: Ժամանակի ընթացքում ի հայտ են եկել վարքային առանձնահատկություններ:
Վարդուհին նեղսրտում է՝ Հայաստանում թե՛ պետական քաղաքականությունը, թե՛ հասարակությունը ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ հատուկ կարիքներով երեխաների ծնողների համար միակ այլընտրանքը մնում է երեխայից հրաժարվելը: Նման քայլի չգնալ՝ Վարդուհուն օգնել է «Բարի մամա» հասարարական կազմակերպությունը:
«Բարի մամա» -ն շուտով կստեղծի իր ներառական կենտրոնը՝ «Բարի տնակ»-ը, որի կառուցման գաղափարն այժմ իրականացման փուլում է։
«Բարի տնակ» նախագիծն իրականացնելու գործում ներդրում ունի նաև «Հանրային դիվանագիտություն» բարեգործական հասարարական կազմակերպությունը, որի ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել անհրաժեշտ տարածք: «Բարի տնակ»-ը վերջնական տեսքի բերելու համար անհրաժեշտ են նոր ներդրումներ: