Ատելության սերմանումն Ադրբեջանում դրված է «արդյունաբերական» հիմքերի վրա. Կարեն Վրթանեսյան
Ռազմական ժամանակի քարոզչությունն իռացիոնալ դաշտի քարչոզչություն է, եւ եթե խաղաղ ժամանակ ցանկալի չէ քարոզչության մեջ կեղծիք օգտագործել, որովհետեւ այն հեղինակազրկում է աղբյուրը, ապա ռազմական իրավիճակում խնդիրներն առավել կարճաժակետ են: «Եւ ըստ այդմ, օգտագործում են եւ կեղծիք, եւ կոնտեքստից դուրս բաներ, արդյունքում՝ հիստերիայի աստիճանն այնքան է տաքացվում, որ մարդիկ դադարում են սթափ մտածել»,- նշում է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ որպես վառ օրինակ ներկայացնելով սահմանային վերջին իրադարձությունների արձագանքները: «Իմ պատկերացմամբ, տվյալ դեպքում, սա կարծես նվեր էր Բաքվի քարոզչամեքենային: Նույնիսկ տոնի տպավորություն է թողնում նրանց գործողությունները. երեխային հուղարկավորելիս՝ սելֆիներ անել շիրիմների մոտ»,-նկատում է նա:
Ռազմական քարոզչության նպատակը, Վրթանեսյանի մեկնաբանմամբ, սեփական ժողովրդին պատերազմի պատրաստելն է: «Այսինքն՝ ստեղծվում է նման հիստերիա, որից հետո պատերազմ է սկսվում, սա ստանդարտ քայլ է: Բայց Ադրբեջանում չեն պատրաստվում ռեալ, գոնե լայնամասշտաբ պատերազմի անցնել»,-վստահ է փորձագետը:
Կարեն Վրթանեսյանը չի հիշում այսպիսի երկարատեւ քարոզարշավ, ինչպիսին Ադրբեջանն է վարում Հայաստանի դեմ: Նա զուգահեռներ է անցկացնում ֆաշիստական Գերմանիայի հետ, որը մինչեւ պատերազմ սանձազերծելը՝ ատելություն սերմանեց 7-8 տարի: «Ադրբեջանը 1994-ից ի վեր կատաղի քարոզչություն է վարում: Սա վաղ, թե ուշ աշխատելու է նաեւ իրենց դեմ»,-հավաստիացնում է նա: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: