Տոտալ մենիշխանություն՝ թվացյալ ժողովրդավարության փաթեթավորմամբ
Իշխանափոխության իրագործման համար պետք են ոչ միայն քաղաքական նախադրյալներ, այլև մտավոր էլիտայի համախմբում ու առաջնորդում։ Տարբեր ոլորտների կարծիքի առաջատարները պետք է ոչ թե չքաղաքականացվելու պատրվակով խուսափեն խնդիրների հրապարակային քննարկումից, այլ ահազանգեն, օրինակ, Մեծ Թուրանի վերստեղծման փորձերի, դրա սպառնալիքների, ժամանակակից Թուրքիայի և Ադրբեջանի՝ մեզ ուղղված վտանգների և մեր սարսափելի անհաղորդության մասին։ Ի տարբերություն իշխանության, որի հենարանները սուտն ու բռնությունն են, նոր որակի էլիտայի տարբերիչ առանձնահատկությունը պետք է դառնա սթափ միտքն ու քաղաքական իրատեսությունը։ Դա վերաբերում է ոչ միայն հայաստանյան, այլև սփյուռքյան ազդեցիկ շրջանակներին։
Գերզորեղ համոզչականությամբ օժտված մի ուժ միայն կարող է ներքաղաքական խոսույթը շեղել «թալանի և նախկինների» անպտուղ և պարզունակ խոսույթից, ինչով մեծ ծառայություն կմատուցի ոչ միայն պետության պահպանման և փրկության, այլև նախևառաջ քաղաքական դաշտի դերակատարների հստակեցման հարցում։ Վարչախմբի թմբկահարած «հայկական ժողովրդավարության» վերջնական քողազերծումն անհրաժեշտություն է։ Փաստն այն է, որ այդ ժողովրդավարության փոխարեն ոչ միայն մենիշխանական բռնապետություն է հաստատվել, այլև նույնիսկ ժողովրդավարական ինստիտուտների և գործընթացի կայացումը դեռևս լուծում չէ՝ դրանով հայկական պետությունն ավելի պաշտպանված չի դառնա։ Խիստ ոչ ժողովրդավար, բայց ուժեղ Ադրբեջանին և Թուրքիային ի՞նչ քաղաքական համակարգ պիտի հակադրի Հայաստանը՝ ահա՛ ապագայի գերխնդիրը։
Ժողովրդավարության պաշտամունքի բացարձակացման, իրականում դրա տոտալ այլասերման քողի տակ Հայաստանում տեղի են ունենում ամենազազրելի իրավական կամայականությունները։ Զուգահեռ իրականությունում՝ իշխանության քարոզչական հարթակներում, մանր ու մեծ ՔՊ-ականները ժողովրդավարությունը ներկայացնում են իբրև բացարձակ արժեք կամ վերջնանպատակ, երբ այն ընդամենը միջոց պիտի լիներ։ Արդյունքում՝ փնթի մենիշխանական համակարգն իրենով փոխարինել է երբեմնի հիբրիդային ժողովրդավարությանը, որի գնահատականը տարիներ առաջ մեզ շնորհել էին միջազգային կառույցները։ Դրա գինը, սակայն, ներքին և արտաքին անվտանգության, հանրային համերաշխության, բանակի ջլատումն է, պարտվողականության սերմանումը, անհատական պատասխանատվության լղոզումը, եկեղեցու և մյուս ազգային կառույցների շարունակական վարկաբեկումը։
Ցավոք, անկախության հռչակումից հետո Հայաստանում այդպես էլ քաղաքական քննարկում չբացվեց պետության երկարաժամկետ զարգացման հեռանկարի հարցի շուրջ, օրախնդիր հարցերի լուծումը գերակայեց ռազմավարական ծրագրմանը։ 1990-ականներին ՀՀՇ-ական իշխանությունը, ներքին կյանքում և տնտեսության մեջ մի շարք ավերներ գործելով, հոռի ավանդույթները վերագրում էր ոչ վաղ շրջանի խորհրդային անցյալին, իսկ ազատական Արևմուտքից արժեքներ և գաղափարներ փոխառելը համարում էր առաջադիմականության և լուսավորականության նշան։ Այդ խոր մոլորությունը շարունակեց նաև Փաշինյանը, որը փոխանակ իր գործած չարիքների համար զղջալու՝ վերջին երեսուն տարում չնորոգված ճանապարհներից է խոսում՝ փորձելով կապ գտնել դրանց և գյուղի կանանց կոշիկների միջև։ Սա է հետպատերազմյան երկրի կառավարության օրակարգը։
Հայաստանն այսօր, առավել, քան երբևէ, ուժեղ իշխանության անհրաժեշտության առջև է։ Սակայն նույնիսկ այս պահին ինչ-որ հրաշքով իշխանության փոփոխության դեպքում համակարգային խնդիրները դեռևս տարիներով շարունակվելու են, քանի դեռ մեր կյանքի կազմակերպման սկզբունքները հիմնովին վերանայված չեն։ Օրինակ, արժանապետական (մերիտոկրատական) կառավարության առաջնահերթ սկզբունքը պետք է դառնա իշխանությունների տարանջատման և հավասարակշռման, դրանց միջև հակակշիռների և զսպումների իրացման երկաթյա երաշխիքներ սահմանելն ու որևէ դեպքում դրանք չոտնահարելը։ Քաղաքական նպատակահարմարության համաձայն դատավորներին ցուցումներ տալը, իսկ դրանց չենթարկվելու դեպքում՝ նրանց «անբարեհույս» հռչակելն ու հետապնդելը պետք է դառնան երիցս մերժելի։
Արթուր Քոնան Դոյլի «Ականավոր հաճախորդը» պատմվածքում սըր Ջեյմս Դեյմրին ասում է․ «Հանցագործության համար պատժելը կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է այն կանխարգելելը։ Սարսափելի է տեսնել, թե ինչպես է աչքիդ առաջ սոսկալի չարագործություն նախապատրաստվում, պարզ հասկանալ, թե ուր է այն տանելու, բայցևայնպես բացարձակապես անկարող լինել կանխելու։ Հնարավո՞ր է արդյոք ավելի ծանր իրավիճակ մարդ արարածի համար»։ Այս մտքի հանգույն՝ ապագա իշխանությունը պետք է հետաքննի ոչ միայն բուն պատերազմական, այլև նախապատերազմյան ամբողջ ընթացքը՝ 44-օրյա մեծ դավադրության նախապատրաստումը։ Այս իշխանության ստեղծած խորհրդարանական քննիչ հանձնաժողովին պետք է փոխարինի լայնածավալ փաստահավաք առաքելությունը՝ ի մի բերելով և հետազոտելով պարտության պատճառները, ոչ թե ամբողջ մեղքը դնելով միջին սպայակազմի որոշ ներկայացուցիչների դասալքության վրա։
Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան