Հայ-իրանական հարաբերությունների արդի փուլը եւ զարգացման տեսլականը՝ ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի
Հայաստան-Իրան հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ էր, որ ՀՀ նախագահը Իրանի երկու կարեւորագույն լրատվական հարթակներով իր խոսքը հասցրեց Իրանին ու Իրանի ժողովրդին: Իրանագետ Վարդան Ոսկանյանը սա բացառիկ երեւույթ եւ չափազանց կարեւոր իրադարձություն է համարում: Ավելին, նախագահի մակարդակով ներկայացված լինել Հասան Ռուհանիի երդմնակալությանը, ըստ իրանագետի՝ հաճելի էր եւ գնահատելի իրանցիների համար: «Իրանական կողմը գնահատեց սա եւ առաջիկայում դեռ կգնահատի»,-շեշտում է Վարդան Ոսկանյանը:
Իրանագետի վստահեցմամբ՝ իրանական լրատվական դաշտում, եթե անընդհատ արծարծվում է Հայաստանի թեման, ապա կամա, թե ակամա Հայաստանը ստանում է առավելություն: «Իրանի պարագայում ԶԼՄ-ների ազդեցությունը որոշում կայացնողների վրա չափազանց մեծ է, ի վերջո, սա բերելու է դրական արդյունքների»,-նկատում է նա:
Ոսկանյանն ակնհայտ է համարում, որ երկու կողմն էլ պատրաստակամ են հարաբերությունները զարգացնելու բոլոր ոլորտներում: Պարզապես կա մի կարեւոր հանգամանք՝ տեմպերի տարբերություն: «Իրանցիների գործելաոճը չի ենթադրում շտապողականություն, եւ նրանք այդ տեմպը չեն համապատասխանեցնում աշխարհի տեմպին: Հաճախ, չճանաչելով Իրանի ներքին նրբությունները, փորձում ենք իրանցիների հետ աշխատել այնպես, ինչպես եվրոպական երկրների հետ, ինչը, սակայն, անարդյունավետ կլինի»,-ընդգծում է իրանագետը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման մեջ: