ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելուց մինչեւ Հայաստանի ընկալումն Արեւմուտքում՝ Էդուարդ Աբրահամյանի մեկնությամբ
Ինչո՞ւ Հայաստանը վերջին պահին հրաժարվեց ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին մասնակցելուց: Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ անվտանգության բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը շտապում պատասխանել՝ նոր ձեւավորված տարածաշրջանային եւ անվտանգության կոնյուկտուրայից ելնելով: «Այսինքն՝ Հայաստանը հրաժարվում է նոր մարտահրավերների պատճառով: Հայկական կողմը եկավ այն եզրակացության, որ իմաստ չունի չափից ավելի լարելու ռուսների հետ հարաբերությունները: Չեմ կարծում, որ ռուսական կողմից եղել է բացահայտ ճնշում, ավելի շատ եղել է միջնորդավորված՝ մամուլի, ռուս փորձագետների միջոցով»,-նշում է փորձագետը:
Թուրքիայի կամ Ադրբեջանի մասնակցությունն իբրեւ խոչընդոտ դիտարկելն Աբրահամյանը լուրջ չի համարում, ավելին, ընդգծում է՝ Թուրքիան չի մասնակցել, իսկ Ադրբեջանը միացել է ամենավերջին պահին, երբ Հայաստանը հրաժարվել է: «Հայաստանի համար անհրաժետություն է եւ առաջնահերթություն զորավարժություններին մասնակցելը, եւ կապ չունի՝ այն անցկացվում է ՀԱՊԿ-ի, թե ՆԱՏՕ-ի շրջանակում»,-շեշտում է բանախոսը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա Էդուարդ Աբրահամյանն այն կասկածելի կառույց է համարում՝ ինստիտուցիոնալ ձեւավորման եւ ադեկվատության առումով: «Ուստի Հայաստանն օր առաջ պետք է փորձի ստեղծել այլընտրանք, որ ՀԱՊԿ-ի վերացման կամ անգործունյա դառնալու հետեւանքով լուրջ խնդիրներ չունենա»,-ասում է նա:
Ի՞նչ այլընտրանք է դիտարկում Աբրահամյանը, ինչպե՞ս է Հայաստանն ընկալվում Արեւմուտքում, ի՞նչ կանխատեսումներ են արվում Ռուսաստանի ապագայի վերաբերյալ՝ այս եւ այլ հարցերի պատասխանները «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: