Հայկական պատվիրակության այցը՝ Բաքու. Մանե Թանդիլյանի հետադարձ հայացքը
ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի համար, Բաքու կատարած այցի շրջանակում, ամենից անսպասելին եղել է Ադրբեջանում տիրող տոտալ ատելության մթնոլորտը: «Ակնհայտ էր, որ մենք այնտեղ սպասված ու ցանկալի հյուրեր չէինք, բայց այդքան անբարեհամբույր վերաբերմունքը լուրջ լարվածություն էր առաջացնում: Մեջլիսում, անգամ պատգամավորների հետ շփման մեջ, նկատելի էր համատարած ատելության մթնոլորտը: Ակնհայտ էր, որ դու գտնվում ես թշնամական երկրում»,-նկատում է պատգամավորը:
Հայկական պատվիրակությանը, թեպետ, զգուշացված է եղել, որ ամբողջ մամուլի ուշադրությունը իրենց վրա է լինելու, սակայն Թանդիլյանի համար անսպասելի է եղել նաեւ այդչափ ուշադրությունը: «Այդ լրագրողները միայն այնտեղ էին մեզ նկարելու եւ մեզ հետ շփվելու համար»,-ասում է նա եւ հավելում՝ մեզ լուսաբանում էին կոնտեքստից դուրս եւ վատագույն ձեւով:
«Այնուհանդերձ, այդ աուրայի ներքո մեզ հաջողվեց ցույց տալ, որ մենք չունենք որեւէ բարդույթ եւ խնդիր, որ խնդրի լուծումը տեսնում ենք խաղաղ ճանապարհով, բայց պատրաստ ենք յուրաքանչյուր տեսակի ոտնձգության եւ կաշկանդված չենք»,-շեշտում է Մանե Թանդիլյանը: Մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: