ՊԱՐԱԴԻԳՄ
20 Nov 2017

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ. Սերգեյ Մարկեդոնովի մեկնաբանությունը

Ռուսաստանն այն չի դիտարկում որպես սպառնալիք կամ մարտահրավեր ռուսական շահերին:

 

Հայաստանի իշխանությունը ոչ թե վախեցավ Եվրամիության հետ ստորագրել Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, այլ խելամտորեն գնահատեց իրավիճակը: Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի կայացրած անսպասելի որոշմանը, հավելում է՝ քաղաքականությունը հնարավորության արվեստ է: «Կրկնում եմ՝ ոչ թե վախեցավ, այլ խելամտորեն գնահատեց, քանի որ ցանկացած ընտրություն չի առաջանում բացարձակ աբստրակտ իրավիճակում»,-ասում է քաղաքագետը:

Մարկեդոնովը նկատում է, որ եւ Հայաստանում, եւ Արեւմուտքում այդ համաձայնագրի ձախողումը կապում են բացառապես Ռուսաստանի հետ: «Անշուշտ, ես այդքան միամիտ չեմ, որ բացառեմ Ռուսաստանի ճնշումը եւ դժգոհությունը: Շատ բան էր դրված խաղասեղանին… Այնուհանդերձ, Հայաստանը բացարձակ կամազուրկ երեւույթ չէ, որ շարժվի բացառապես իր համար նախագծված ուղղությամբ»,-ընդգծում է նա:

Ինչ վերաբերում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ապա Մարկեդոնովի խոսքով, թե Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, թե ռուսական պաշտոնական կառույցների հայտարարություններն այս առումով բավական զուսպ են եւ հանգիստ: «Այսինքն՝ այն չի դիտարկվում որպես սպառնալիք կամ ցուցադրական մարտահրավեր ռուսական շահերին»,-նշում է նա:  Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: