«Ելք»-ը շարունակելու է բոլոր ձեւաչափերում պայքարել Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու համար. Հայկ Կոնջորյան
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու թեման հանրային, քաղաքական օրակարգում պահելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ այդ կառույցում Հայաստանի շահերը պատշաճ կերպով բավարարված չեն: «Ելք» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կոնջորյանը շեշտում է՝ շարունակելու ենք այդ գործընթացը բոլոր ձեւաչափերում:
Ինչ վերաբերում է այս թեմայով խորհրդարանական լսումների եւ դրան հաջորդած քննարկումների ժամանակ հնչած այն տեսակետին, թե «Ելք»-ը չի ներկայացրել փաստարկներ, Կոնջորյանը նկատում ՝ «եթե մարդը կամ իշխանությունը չեն ցանկանում որեւէ բան տեսնել, ապա չեն էլ տեսնի, որքան էլ փաստարկներն ու հակափաստարկները ծանրակշիռ ու հիմնավորված լինեն»:
«Մեր ներկայացրած փաստարկների մեծ մասը վիճակագրական ծառայության թվերն են, որոնք, ըստ էության, արդեն խոսում էին Հայաստանի վրա ԵՏՄ-ի ոչ բարենպաստ ազդեցության մասին: Մենք ընդամենը փորձել ենք եւս մեկ անգամ այդ ամենը ջրի երես հանել եւ հանրային օրակարգի մաս դարձնել: Այլ բան է, որ իշխանությունը կարող է կրկին թաքնվել վարագույրի ետեւում կամ գլուխը մտցնել ավազի մեջ եւ ասել՝ ամեն ինչ շատ լավ է, մենք ապրում ենք զարգացած երկրում: Բայց իրականությունն այլ է, եւ ՀՀ քաղաքացին ամեն պահ է դա զգում»,-ընդգծում է «Ելք» դաշինքի անդամը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: