ԼՐԱՀՈՍ
27 Jan 2025

«Այս իշխանության գլխին գալու է մեկ բան․ սև- սպիտակի սինդրոմը՝ ինքը սև մնացյալը սպիտակ»․ Մարտիրոսյան

 «Այս իշխանության գլխին գալու է մեկ բան․ սև- սպիտակի սինդրոմը՝ ինքը սև մնացյալը սպիտակ»․ Մարտիրոսյան

«Լեգիտիմության տոտալ կրախ: Սա է կատարվում այս իշխանության հետ հիմա:

Եթե Փաշինյանի շրջապատում լիներ գեթ մեկը ով նրան կհուշեր, որ ինքը իր քաղաքական կուրսի կրախի առաջ է և այնքան է կքել սեփական սխալների, առաքելությունների ծանրությունից, որ այլևս ոչ քաղաքական ինտերպրետացիաները, ոչ խոսքահոսությունն ու դեմագոգիան, ոչ կրոնական աղանդապետի դոգմատիկ վարքաբանությունը, ոչ պատվախնդիր ռեֆորմիստական ոճը, ոչ օրակարգերը ալյա՝«խաղաղություն», «իրական հայաստան», ոչ էլ ֆեյքակրատիան այլևս նույն էֆեկտը չունեն և հանրության մոտ իր քաղաքական ընկալման առումով ենթարկվել են այն աստիճան արժեզրկման, որ իշխանության քաղաքական կենսունակության պահպանման տեսանկյունից արդեն վտանգավոր են, իսկ վերարտադրման համար այլևս անպետք, ուրեմն ողջախոհության դեռ նշաններ կլինեին: Քանի որ դրանք չկան ուրեմն նրա շրջապատը ևս հոգնել է նրանից և ցանկանում է նրա անվերադարձ կրախը:

Իսկ, եթե նա փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում իր իշխանության հետ փորձեմ հուշել: Փաշինյանի իշխանությունը լեգիտումության կրախի առաջ է: Դա է պատճառը, որ հավատի, աջակցության, նպատայահարմարության, արդարացիության որևէ ռեսուրս այլևս չի վայելում նրա որևէ խոսք, ծրագիր, քաղաքական առաջարկ և այդ իրավիճակը չի շտկվելու, եթե նույնիսկ նա ամեն օր ասուլիս տա 7-8 ժամ: Սա կոչվում է լեգիտիմության կրախ:

Քանի որ չկա որևէ երևույթ, որը այս իշխանությունը չի ձևախեղում, փորձեմ նաև իր հետ տեղի ունեցողը բացատրել դասական և անհերքելի բնորոշմամբ:Վստահ եմ, որ այս ամենին նույնքան ծանոթ չէ որքան շատ այլ վաղուց գիտությանն ու մարդկությանը հայտնի բաներին:

Ուրեմն լեգիտիմությունը ենթադրում է:

1. Քաղաքացիների կողմից օրինական իշխանության և իշխողների կառավարելու իրավունքի ճանաչում, ընդունում և նրանց կողմից ընդունված որոշումներով ղեկավարվելու համաձայնություն: Լեգիտիմությունը ամփոփում և ամբողջականացնում է իշխանության հեղինակության նկատմամբ քաղաքացիների ճնշող մեծամասնության կարծիքը: Սա է պատճառը, որ քո ոչ «ռեֆորմ», ոչ «նորարարություն» չի ընդունվում նույնիսկ, եթե դրա նպատակները բարի լինեն:

2. Լեգիտիմությունը ունի հետևյալ բաղադրամասերը՝

Առաջին. մի կողմից այն հասարակության և նրա ճնշող մեծամասնության պատկերացումներն են տվյալ կառավարման կարգի, կառավարման որակի, իշխանության բնույթի և արդարացիության վերաբերյալ

Երկրորդ՝ կառավարողների մոտ սեփական իշխանության բարոյական իրավունքի գիտակցումն է: Այս 2 մոտեցումները բնութագրում են լեգիտիմությունը, որպես արդար, իրավական, հասարակություն-իշխանություն փոխհամաձայնությունը ապահովող հարաբերություններ: Այլևս ոչ առաջինը կա, ոչ էլ երկրորդը:

Սա է քո հիմնական և այլևս անբեկանելի խնդիրը: Մեր պարագայում լեգիտիմության կրախը դեռ չի նշանակում իշխանության արագ կորուստ, այլ նշանակում է պետության շահերի սննկացման հաշվին սեփական իշխանության կենսունակության երկարաձգում, մնացյալը նրա համար դառնում է ոչ էական:

P.S. Այս պարագայում այս իշխանության գլխին գալու է մեկ բան սև- սպիտակի սինդրոմը՝ ինքը սև մնացյալը սպիտակ»:

 

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյան