«Ակնհայտ է` Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ունի նրա հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքը լռեցնելու նպատակ»․ Թաթոյան

«Ակնհայտ է` Էդգար Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն ունի նրա հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքը լռեցնելու նպատակ` ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի բացահայտ չարաշահումով:
Սա կոպիտ ոտնձգություն է խոսքի ազատության նկատմամբ` արհեստական քրեական փաթեթավորմամբ։ Առավել դատապարտելի է խափանման միջոցի տեսքով հարկադրանք կիրառելու նախաձեռնությունը:
Հանրային-քաղաքական բնույթի հրապարակային խոսքն ունի լայն սահմաններ, այն կարող է լինել ցնցող ու դուր չգալ իշխանությանը: Քաղաքական գործիչներն առավել ազատություն ունեն այս հարցում ու պետությունը դա ոչ թե պետք է լռեցնի, այլ երաշխավորի: Սա հենց Էդգար Ղազարյանի խոսքն է։
Սա չափազանց վատ նախադեպ է, որ հարվածում է ժողովրդավարական հասարակության հիմքերին ու խաթարում իրավունքի գերակայությունը: Սա նաև ակնհայտ խտրական վերաբերմունք է, քանի որ եթե Քրեական օրենսգիրք է արդեն կիրառվում այս տեսակ խոսքի նկատմամբ, ուրեմն քննչական մարմինը պետք է անհապաղ քրեական հետապնդում հարուցի վարչապետի, ՔՊ վերնախավը ներկայացնող մի շարք պատգամավորների նկատմամբ դատավորների նկատմամբ առավել կոպիտ բառապաշարով արտահայտությունների համար:
Այստեղ նաև մեկ այլ կարևոր հարց կա, որ պարունակում է համակարգային հեռուն գնացող վտանգներ:
ԲԴԽ-ն երեկ հանդես եկավ Էդգար Ղազարյանի վերաբերյալ հայտարարությամբ` քրեական հետապնդման սպառնալիքով, ու այն նույն շեշտադրումներով, ինչ քրեական հետապնդում է հարուցել է քննչական մարմինը (համաձայն հրապարակված տվյալների):
Կարծում եմ` ԲԴԽ-ն փոխանցում («պաս») արեց իրավապահ մարմնին, որ վերջինն էլ հարուցի հետապնդում: Սա էլ, կարծում եմ, նախապես է քննարկվել ու քաղաքական մակարդակում հավանություն ստացել կամ որոշվել:
ՔՊ-ի համար այս հետապնդումն ու խափանման միջոցն ունեն ռազմավարական քաղաքական նշանակություն և անհրաժեշտ են, որ առնվազն`
1) լռեցնեն Էդգար Ղազարյանին.
2) ՔՊ-ին հրապարակայնորեն քննադատող մյուս քաղաքացիներին վախեցնեն կամ նրանց ցույց տան, որ եթե խոսեք, նույնը ձեզ հետ տեղի կունենա (սառեցնող էֆեկտ կամ chilling effect).
3) հետագայում օգտագործի այս նախադեպը` ի պաշտպանություն գործադիր իշխանության պաշտոնյաների և ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների` իրենց հրապարակային քննադատողների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու համար»:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան