ԼՐԱՀՈՍ
17 Mar 2025

Ադրբեջանը ռազմական սադրանքի գնալու կեղծ ալիբիներ է փորձում ստեղծել միջազգային խոշոր խաղացողների մոտ. Շիրազ Խաչատրյան․ 168.am

Ադրբեջանը ռազմական սադրանքի գնալու կեղծ ալիբիներ է փորձում ստեղծել միջազգային խոշոր խաղացողների մոտ. Շիրազ Խաչատրյան․ 168.am

Մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 3 անգամ ապատեղեկատվություն էր տարածել և հայկական զինված ուժերին մեղադրել սահմանագոտու «հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար»:

Իշխանական քարոզչամեքենայի մաս կազմող Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը, մասնավորապես, նկատել էր, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, և քանի դեռ ալիևյան վարչակարգն է այդ երկիրը ղեկավարում, տարածաշրջանում ամուր խաղաղության հեռանկարը մնում է բարդ և կասկածելի:

Սրան զուգահեռ՝ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, թե Ադրբեջանը տեղեկատվական սադրանքների է գնում՝ հետաձգելու համար խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ այն «արտացոլում է ՀՀ պետական շահերը»:

Այսինքն, իշխանական քարոզչամեքենան մի կողմից հանրությանը պատրաստում է խաղաղություն չխոստացող խաղաղության, մյուս կողմից՝ հաստատում է ընդդիմության այն պնդումները, որ Ադրբեջանի ուզածը խաղաղությունը չէ, որ Ալիևի վարչակարգը հիմնված է պատերազմական պրոպագանդայի վրա, բայցև սրա ֆոնին փաշինյանական իշխանությունը փորձում է ներքաղաքական խնդիրներ լուծել և հանրությանը վստահեցնել, թե խաղաղության պայմանագիրը բխում է ՀՀ շահերից, դրա համար է Ադրբեջանը փորձում խոչընդոտել փաստաթղթի ստորագրմանը: Եվ ոչինչ, որ սկսած սահմանազատման և սահմանագծման գործընթացից, վերջացրած խաղաղության պայմանագրի մշակման գործընթացով, հիմնական զիջողը հայկական կողմն է եղել, այսինքն, շատ դեպքերում նույնիսկ փոխզիջում չի եղել:

168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի տեղեկատվական սադրանքը, ինչո՞ւ պետք է Ադրբեջանը ցանկանա հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, ո՞ր դեպքում և ի՞նչ նպատակով Ադրբեջանը կգնա ռազմական սադրանքի:

«Նախ պետք է ասել, որ իշխանական քարոզչամեքենան խճճվել է իր իսկ վարած պրոպագանդայի մեջ. մեկ հայտարարում են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պատրաստ է և գրեթե խոչընդոտներ չկան, մեկ էլ ասում, թե իրենց «հզոր դիվանագիտական ջանքերի արդյունքում» այնպիսի իրավիճակի մեջ են դրել Ադրբեջանին, որ վերջինս ելք չունենալով՝ սադրանքների և ապատեղեկատվությունների է դիմում: Այսինքն, ստեղծել են երկու «փուչիկ» իրականություն:

Իսկ իրականում Ադրբեջանը միշտ էլ իր գիծն է առաջ մղել, երբեք չի ձգտել և չի ձգտելու խաղաղության: Անկախ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներից, ադրբեջանական կողմը միշտ փորձում է ռազմական գործողությունների հավանականությունը պահել օրակարգում՝ զուգահեռ զիջումներ ստանալով հայկական կողմից: Այս անվերջանալի շղթան գործում է 44-օրյա պատերազմից հետո և շարունակվում է մինչ այս պահը:

Կարծում եմ՝ Բաքվի կողմից քաղաքական և քարոզչական մակարդակով թեման և իրադրությունը սրելու պատճառն ու հիմնական թիրախը ոչ միայն հայկական կողմին է վերաբերում, որով անընդհատ փորձ է արվում մեզնից մի բան ստանալ ճնշումների միջոցով, այլ նաև թիրախն արտաքին լսարանն է՝ այս անորոշությունների փուլում կեղծ ալիբիներ ստեղծել միջազգային խոշոր խաղացողների մոտ և իրավիճակի գնահատման կեղծ մարտավարությունով պատեհ պահի սադրանքների և ռազմական գործողությունների դիմել, սա է նպատակը:

Կգնա՞ այս պահին Ադրբեջանը նմանատիպ սադրանքի, կարծում եմ, դեռևս ոչ, քանի որ խոշոր դերակատարների մոտ դեռևս անորոշություն կա. Հարավային Կովկասում իրենց ներգրավվածության չափը՝ յուրաքանչյուրի մասով առանձին: Բայց որ տարածաշրջանային զարգացումներին զուգահեռ՝ Բաքուն միշտ բարձր խաղադրույքներ է կատարում՝ սպասելով իր հնարավորությանը, դա ակնհայտ է»,- մանրամասնեց փորձագետը:

Հավելենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ին մերձակա caliber.az-ը քարոզչական արշավ է սկսել, թե իբր Հայաստանը «վերջին նախապատրաստություններն է տեսնում պատերազմի», և նույնիսկ ժամկետ էր նշվել՝ ապրիլ, ինչին 168.am-ը մանրամասն անդրադարձել է։

Աղբյուրը՝ 168.am