Պերմյակովի դատավարության եւ դրան նախորդած դեպքերի իրավական բացթողումները եւ «խայտառակությունները»՝ ըստ փաստաբան Նորիկյանի
2015 թվականի հունվարի 12-ին գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանությունը բառի ամենաուղղակի իմաստով ցնցեց Հայաստանը: Ոճրագործության հեղինակ Վալերի Պերմյակովի դատավարությունը եւ դրան նախորդած իրադարձությունները բազմաթիվ հարցեր առաջացրին: Փաստաբան Նորայր Նորիկյանն ընդգծում է՝ մենք այդպես էլ չստացանք այս ոճրագործության հիմնական շարժառիթի պատասխանը: «Ողջամտության սահմաններում չի տեղավորվում, որ ջուր խմելու պատրվակով կամ զորամասն ինքնակամ լքելու պատճառով կարելի է նման հրեշավոր հանցագործություն կատարել»,-ասում է փաստաբանը:
Ինչ վերաբերում է իրավական ընթացակարգերին, ապա Նորիկյանի համոզմամբ՝ ՀՀ իրավասու մարմինները թույլ են տվել մի շարք կոպտագույն սխալներ եւ վրիպումներ, որոնց հիման վրա էլ Պերմյակովը հայտնվել է ՌԴ իրավազորության ներքո: «Այնուհետեւ դատաքննական ընթացքն այնպիսինն էր, որ հասարակության մեջ մինչ օրս մնացին կասկածներ ու մտահոգություններ»,-նշում է նա:
ՀՀ իրավապահների ամենանակոպիտ վրիպումներից փաստաբանն առաջինն առանձնացնում է այն, որ մեր իրավապահները թույլ տվեցին, որ Պերմյակովը Գյումրիից հասներ սահման եւ հանձնվեր ՌԴ սահմանապահ զորքերին, այդպիսով, ըստ էության, հայտնվեր ՌԴ իրավազորության տակ: «ՀՀ օրենսդրությամբ՝ անգամ այդ պայմաններում սահմանապահները պարտավոր էին պետական սահմանն ապօրինաբար հատելու հայտ ներկայացրած անձին հանձնել ՀՀ ԱԱԾ-ին»,-շեշտում է նա:
Նորիկյանը հավելում է նաեւ, որ ՀՀ-ն թույլ է տվել ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին Գյումրիում եւ դրա հարակից տարածքներում օրը ցերեկով, զինված փնտրելու պոտենցիալ հանցագործին: «Աշխարհում չլսված մի բան»,-նկատում է փաստաբանը: Աշխարհում չլսված մեկ այլ «խայտառակության» եւ Ավետիսյանների ընտանիքի ոճրագործության իրավական բացթողումների մասին բոլոր մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: