ՊԱՐԱԴԻԳՄ
23 Jan 2018

Ռուսաստանն անընդհատ Հայաստանից զիջում է կորզում եւ շատ թանկ վաճառում է Ադրբեջանին. Մանվել Սարգսյան

Հայաստանը միշտ էլ գործիք է եղել Ռուսաստանի ձեռքում՝ իր հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի հետ լուծելու համար:

 

Ադրբեջանը սարսափում է Արցախի միակողմանի ճանաչումից: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հավելում է՝ հետեւաբար, Ադրբեջանը ձեւականորեն է մասնակցում բանակցային գործընթացին: «Բանակցությունների Ադրբեջանը գնում է հստակ դիրքորոշմամբ՝ կամ խաղաղ ճանապարհով վերադարձնում եք մեզ ամբողջ ԼՂ-ն կամ այն վերցնում ենք պատերազմելով: Եթե չգնա բանակցային պրոցեսի, ապա աշխարհը կարող է վերցնել եւ Կոսովոյի նման ճանաչել Արցախը»,-նշում է քաղաքագետը:


Մանվել Սարգսյանն ընդգծում է՝ ապրիլյան պատերազմը հրահրելով Ադրբեջանը լուրջ խախտում է արել, որը նշել են ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: «Ադրբեջանը, ինքն էլ չի հասկացել, որ խախտելով հրադադարի ռեժիմը՝ կարող է լուրջ փոփոխություն առաջացնել միջազգային հանրության վերաբերմունքի մեջ: Դրանից հետո վախ է առաջացել, որ իր ձեռքով կարող է տանել ճանաչման, որովհետեւ այդ մասին հնչել է»,-ասում է նա:


Եթե Ադրբեջանի՝ բանակցային գործընթացին մասնակցելու նպատակը պարզ է, ապա քաղաքագետի խոսքով՝ հայկական դիվանագիտության կոնցեպտն անհասկանալի է: Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերակատարությանը, ապա Սարգսյանն ընդգծում է, որ ՌԴ-ն անընդհատ Հայաստանից կորզում է մի զիջում, եւ այն շատ թանկ վաճառում է Ադրբեջանին: «Ռուսաստանն Ադրբեջանին ոչ միայն զենք է վաճառում, այլեւ ծառայություններ է մատուցում՝ ձեռքի տակ պահելու համար: Ադրբեջանը երբեք էլ Ռուսաստանի բարեկամը չի եղել, Ռուսաստանին Հայաստանն էլ չի հետաքրքրում: Հայաստանը միշտ էլ գործիք է եղել Ռուսաստանի համար՝ իր հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի հետ լուծելու համար»,-շեշտում է նա: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: