ՊԱՐԱԴԻԳՄ
20 Feb 2018

ՌԴ-ն անվերապահորեն չի օգնել Հայաստանին, այլ մտապես հավասարակշռել է իր շահերը տարածաշրջանում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ռուսաստանի օգնությունը Հայաստանին շատ մեծ է, բայց դա տոտալ եւ անվերապահ օգնություն չէ:

 

Արցախյան հակամարտության ամբողջ ընթացքում, փաստացի, Ռուսաստանից հայկական կողմին երբեւէ միակողմանի աջակցություն չի եղել, այն էլ՝ բացահայտ կերպով: «Ոսկանապատ» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հավելում է՝ Ռուսաստանը մշտապես փորձել է հավասարակշռել իր շահերը տարածաշրջանում:


«Ընտրության հարց, որպես այդպիսին, իրենց առջեւ երբեք չեն դրել: Էլ չեմ խոսում այն մասին, որ նման որոշում էլ չունեն, որ եթե հակամարտություն լինի, ապա պիտի միակողմանի աջակցեն դաշնակցին՝ Հայաստանի Հանրապետությանը: Չնայած մի անվտանգության համակարգում ենք՝ ՀԱՊԿ-ում, պատերազմի դեպքում որոշակի պարտավորություններ ունենք միմյանց հանդեպ, բայց սրանով հանդերձ, Հայաստանը երբեք միակողմանի աջակցություն չի տեսել, անկեղծ ասած՝ չի էլ ձգտել դրան: Հասկանալի է, որ չենք կարող մեր շահը պարտադրել ամբողջ աշխարհին»,-նկատում է քաղաքագետը:


Ըստ Մելիք-Շահնազարյանի՝ հայկական կողմը փորձել է հնարավորինս օգտվել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ընձեռած բոլոր հնարավորություններից, այդ թվում՝ ռազմական: «Շատ սերտ է մեր գործակցությունը, շատ մեծ է Ռուսաստանի օգնությունը, բայց դա տոտալ եւ անվերապահ օգնություն չէ»,-ասում է քաղաքագետը:


Հետաքրքիր զրույցի հետաքրքիր մանրամասներին ծանոթանալու համար դիտեք «Պարադիգմ» հաղորդումը: