ՊԱՐԱԴԻԳՄ
27 Feb 2018

ՌԴ-ի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներն ու Հայաստանը՝ Սուրեն Սարգսյանի մեկնությամբ

ԱՄՆ պատժամիջոցները, ռուսական զենքն ու արցախյան հակամարտությունը:

 

Միացյալ նահանգները չի կիրառի պատժամիջոցներ Հայաստանի եւ Ադրբեջանի դեմ՝ ռուսական զենքի ձեռքբերման համար, եթե հետաքրքրված է տարածաշրջանի կայունությամբ: Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հավելում է՝ այլապես կխախտվի զենքի եւ զինամթերք բալանսը: «Ադրբեջանը հնարավորություն ունի զենք ձեռքբերելու այլ շուկաներից եւս՝ թուրքական, իսրայելական, պակիստանյան: Իսկ մեզ մնում է մի փոքր շուկա՝ ռուսականը: ԱՄՆ-ն բարեկամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ եւ, կարծում եմ, որ երբեւէ չի գնա նման քայլի, երբեւէ չի անի այնպես, որ տարածաշրջանում այնպիսի վայրիվերումներ լինեն, որից Հայաստանը կտուժի: Այլապես, իրոք, չափազանց պայթունավտանգ կլինի»,-շեշտում է միջազգայնագետը:


Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերություններին ընդհանրապես, ապա Սուրեն Սարգսյանը նկատում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մշտապես եղել են հակառակորդներ, կարճ ժամանակահատված՝ մրցակիցներ: ՌԴ-ն համարվում է ԱՄՆ արժեքներին մարտահրավեր նետող պետություններից մեկը, որի նկատմամբ էլ գնալով խորացնում են պատժամիջոցները:


«Այսօր, ըստ էության, գործ ունենք միաբեւեռ աշխարհի հետ, ԱՄՆ-ն աշխարհի միակ գերտերությունն է՝ բոլոր բաղադրիչներով, ատրիբուտներով: Այսօր երկբեւեռ աշխարհի խնդիր էլ չունենք: Եթե այսօր աշխարհում պետք է բեւեռներ լինեն, ապա ոչ թե երկու, այլ երեք բեւեռ: Չենք կարող թերագնահատել Չինաստանի դերը, չնայած այն նման հայտ չի ներկայացնում, բայց գիտենք, թե ինչ լուրջ ազդեցություն ունի աշխարհի շատ տարածաշրջաններում»,-ասում է միջազգայնագետ:
Այս ամենի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից ռուսական ընկերություններին մեղադրանք առաջադրելու, ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության նախապատմության մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: