ՊԱՐԱԴԻԳՄ
02 Mar 2018

Ցյուրիխյան արձանագրությունների նախապատմությունն ու դրանց «հաղթական» ֆիասկոն

Տասը տարի առաջ մենք գործ ունեինք միանգամայն այլ Թուրքիայի հետ:

 

Հայաստանը մի քանի անգամ հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից դրական տեղաշարժի բացակայության եւ Թուրքիայի քաղաքականությունը չփոխվելու դեպքում, Ցյուրիխյան արձանագրությունները կհայտարարի առ ոչինչ և 2018 թվականի գարուն կմտնի առանց դրանց:
Այդպես էլ եղավ. 2018 մարտի 1-ին, ԱԱԽ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց արձանագրությունները չեղյալ հայտարարելու մասին:


Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը, նախագահի հայտարարությունից ժամեր առաջ, խոսելով արձանագրությունների չեղարկման հնարավորության մասին, նախ նկատում է՝ տասը տարի առաջ մենք գործ ունեինք միանգամայն այլ Թուրքիայի հետ: «Այն ժամանակ Թուրքիան մեղմ, համեմատաբար ավելի մեղմ արտաքին քաղաքականություն էր վարում, եւ գուցե այն ժամանակ հնարավոր էր համարվում այդ արձանագրությունների վավերացումը: Հիմա պատկերացնելն անգամ բարդ է, էրդողանի նախագահության ժամանակ ընդհանրապես բարդ է»,-ասում է Հայկ Գաբրիելյանը:


Թուրքագետը ընդգծում է, որ Էրդողանը գնալով ավելի է կոշտացրել արտաքին քաղաքականությունը, ինչը կապված է ներքաղաքական դաշտում նրա դիրքերի ամրապնդման հետ: «Որքան ամրապնդվեցին նրա դիրքերը, այնքան կոշտացան նրա թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը: Հիմա, որ նայում ենք արձանագրություններում տեղ գտած դրույթներին, դժվար է հավատալ, որ Թուրքիան պատրաստ էր հարգել դրանք»,-շեշտում է նա: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: