ՌԴ ռազմական ոստիկանության ներկայությունից մինչեւ հայ-ռուսական հարաբերությունների անցյալն ու ներկան՝ ըստ Լեւոն Շիրինյանի
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման հարցում տեսնո՞ւմ ենք մտահոգություն: Քաղաքագետության դոկտոր Լեւոն Շիրինյանն այս հարցադրմանն ի պատասխան ընդգծում է՝ «այո տեսնում եմ»: «Մեր իշխանություններից լսում ենք մեկնաբանություններ, որոնք հասկանալի չեն, իրենք իրենց հերքում են: Պայմանագիր կա՞, թե՞ չէ: Եթե կա՝ թող ցույց տան»,-ասում է նա:
Քաղաքագետը նկատում է՝ եթե Հայաստանն ինքնիշխան պետություն է, ուրեմն այդ ստորաբաժանումները չպետք է լինեն: Երկրորդ խնդիրը, ըստ Շիրինյանի, ավելի խոր է: «Երկիրը գերհագեցած է ռուսականությամբ. եթերը, զորքը, տնտեսական ներկայությունը… բայց առաջընթաց առանձնապես չենք տեսնում, հետեւապես՝ այդ ամենը պետք է չափավորվի: Գիտեք ինչո՞ւ՝ սենց խոսք կա՝ Հայաստանում տեղակայվի ռուսական գերժամանակակից զենք: Լավ, բայց չէ՞ որ դրանով Հայաստանն օտարի համար թիրախ է դառնում»,-ասում է նա՝ մեջբերելով Լավրովի խոսքերը՝ գերտերություններն իրենց հարաբերությունները պարզում են պերիֆերիաներում:
Շիրինյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները պարտավոր ենք դիտարկել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների կտրվածքով, այլ ոչ թե ժողովուրդների: «Ռուսաստանը Հայաստանի հանդեպ 1920 թվից չի կատարել իր պարտավորությունը, ցարական Ռուսաստանը հայկական հարցով ստանձնած ոչ մի պարտավորություն մինչեւ վերջ չի կատարել, վերջին դեպքերը տեսանք ապրիլյան պատերազմից առաջ: Ռեբուս դարձրին՝ Տավուշը ռմբակոծում են,ՀԱՊԿ-ը պիտի միջամտի՞: Չէ, ասում են, դա փոքր պատերազմ է: Այսինքն՝ Ստալինգրադ են ուզում լինի, որ նոր միջամտեն»,-նշում է նա: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: