ՊԱՐԱԴԻԳՄ
13 Apr 2018

Հայաստանն իրեն այնքան անկարեւոր է դարձրել, որ անգամ սեփական դաշնակցի համար մեծ նշանակություն չունի. Հայկ Մարտիրոսյան

ԱՄՆ-ի բարեսրտության շնորհիվ է, որ Հայաստանի հանդեպ բացասական քայլեր դեռ չեն կատարում:

 

Կարո՞ղ է Հայաստանը հայտնվել Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության թիրախում կամ օգտվելով այդ հակասությունից՝ ավելի ամուր դիրքավորվել: Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն այս հարցադրմանը տալիս է կտրուկ պատասխան՝ Հայաստանն այնքան անկարեւոր ու փոքր, ինքն իրեն այնքան անկարեւոր դարձրած երկիր է, որ հատուկ թիրախ դառնալ չի կարող: «Ուղղակի որովհետեւ այն որեւէ նշանակություն չունի որեւէ մեկի համար: Միջազգային մեծ խաղացողներից ո՞ւմ համար Հայաստանը նշանակություն ունի...անգամ սեփական խոշոր դաշնակցի համար մեծ նշանակություն չունի»,-ընդգծում է բանախոսը:


Քաղաքագետը, այդուհանդերձ, հավելում ՝ բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կարող է զերծ մնալ վտանգներից կամ հարվածներից: «Հատուկ թիրախ դառնալը մի խնդիր է, ուղղակի ապտակ կամ ուժեղ հարվածներ ստանալը՝ բոլորովին այլ: Սա ամենեւին էլ բացառել չի կարելի»,-նկատում է Հայկ Մարտիրոսյանը:


Հայաստանը, ինչպես շեշտում է քաղաքագետը, վարում է միավեկտոր քաղաքականություն, ունի հստակ մեկ կողմնորոշում, իսկ վերջերս բավական ազդեցիկ քայլեր է կատարել՝ մյուս ուղղությամբ վեկտորը թուլացնելու հարցում: «ԱՄՆ-ի հետ հարաբերությունը փչացած են, եւ Միացյալ նահանգների բարեսրտության շնորհիվ է, որ Հայաստանի հանդեպ հստակ բացասական քայլեր դեռեւս չեն կատարում»,-կարծում է Մարտիրոսյանը՝ միաժամանակ նկատելով, որ ոչինչ բացառել չի կարելի:


«Իհարկե, եթե դու ընդունում ես մեկ կողմին եւ ընդունում ես անվերապահորեն, ապա դու դառնում ես այդ կողմի կցորդը: Հատուկ թիրախավորել քեզ դժվար թե որեւէ մեկին հետաքրքրիր լինի, բայց որպես այդ մի կողմի շահերը բացարձակապես հետապնդող տարածք, անշուշտ կարող ես հարվածներ ստանալ»,-ասում է Հայկ Մարտիրոսյանը: Հետաքրքիր զրույցի հետաքրքիր մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: