ՊԱՐԱԴԻԳՄ
12 May 2018

Նիկոլ Փաշինյանին Սոչիում շատ մեծ փորձություն է սպասում. Արեգ Գալստյան

Ի՞նչ անել Սոչիում, որ ոչ Հայաստանում դժգոհություն լինի, ոչ էլ այնտեղ վրդովմունք առաջանա:

 

«Ատամ» ցույց տա՞լ, թե՞ չտալ՝ մայիսի 14-ին ԵՏՄ գագաթնաժողովի ժամանակ: Ի՞նչ պետք է անի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում, որպեսզի թե Հայաստանում չլինի դժգոհություն, թե այնտեղ վրդովմունք չառաջանա: «Հայկական շահը» հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Գալստյանն այս հարցադրմանն ի պատասխան նախ մեջբերում է Բիսմարկի խոսքերը՝ «քաղաքականությունը հնարավորի արվեստ է» եւ հավելում՝ ուստի չի կարելի այդ բարդ հարցերին «կատերգորիկ կերպով» մոտենալ: «Պետք է միջինը գտնել, որ համ Հայաստանի շահերը պաշտպանվեն, համ էլ այնպես անել, որ մեր գործընկերները չմտածեն, որ նոր վարչապետն արդեն պահանջներ է ներկայացնում»,-ասում է նա:


Արեգ Գալստյանի խոսքով՝ հարկավոր է «կոմպլեքս գործ» անել, թե ինչպես խոսել ռուսների հետ, ինչպես խոսել ղազախների հետ: «Եթե ռուսների հետ համաձայնության եկար, ապա Բելառուսը համաձայնության կգա, բայց դա չի նշանակում, որ Ղազախստանն էլ կընդունի: Փորձագիտական պրոֆեսիոնալ խմբերը պետք է շատ լավ աշխատեն այդ երկու ուղղությամբ, պատրաստեն կոնկրետ սփիչեր՝ հասկանալով թե Ղազախստանի, թե Ռուսաստանի քաղաքական մշակույթը, Պուտինի եւ Նազարբաևի քաղաքական դիմանկարը»,-ընդգծում է վերլուծաբանը:


Արեգ Գալստյանը հավելում է նաեւ, որ հանդիպման ժամանակ յուրաքանչյուր բառ պետք է լինի ծրագրված, շատ զգույշ, բայց շատ հստակ՝ Հայաստանի շահերը պաշտպանելու տեսանկյունից: «Եթե Պուտինն ու Նազարբաևը չընդունեցին Փաշինյանին զուտ անձնական առումով, ուրեմն պետական մակարդակով էլ չեն ընդունի, խնդիրներ կառաջացնեն, նախապայմաններ կդնեն»,-նշում է հետազոտական կենտրոնի ղեկավարը: Զրույցի մանրամասներին ծանոթացեք «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: